ՀՀ փոխվարչապետն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

1105319

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին: Այս մասին տեղեկանում ենք փոխվարչապետի գրասենյակից։

Շնորհավորելով արտակարգ եւ լիազոր դեսպանին՝ Տիգրան Խաչատրյանը վստահություն է հայտնել, որ նրա առաքելության իրականացման ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ընդլայնվել:

Փոխվարչապետը դեսպանին է ներկայացրել նախորդ տարի արձանագրված տնտեսական ցուցանիշները եւ նշել, որ Միացյալ Նահանգներն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական կյանքում: Տիգրան Խաչատրյանն ընդգծել է հայ-ամերիկյան փոխադարձ ներդրումային միջավայրի առավել զարգացման եւ առեւտրատնտեսական համագործակցության խթանման կարեւորությունը:

Դեսպան Քվինը փոխվարչապետին է փոխանցել ԱՄՆ հանձնառությունը՝ մշտապես աջակցելու Հայաստանի տնտեսական եւ քաղաքական օրակարգին:

Ի թիվս երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի՝ կողմերն անդրադարձել են նաեւ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ մտահոգություն հայտնելով արցախահայության շրջանում առաջացած հումանիտար ճգնաժամի վերաբերյալ:

--00—ՅՄ