Արտակ Զեյնալյանը  ընդունել է ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

/

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանըմարտի 13-ին ընդունել է ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլիա Լյովոչկինային, Անդրեյ Սիրսելին, ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի քարտուղար Ալեքսիս Սալանսոնին: 

Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար  Նատալյա Վուտովան:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

նախարար Զեյնալյանը, ողջունելով պատվիրակության անդամներին, նշել է, որ Հայաստանի կառավարությունը մի շարք կարևոր պարտավորություններ ունի ժողովրդի առջև, որոնք բխում են Սահմանադրությունից և որոնք ջանադրաբար իրականացվելու են: 

Նախարարը եվրոպացի գործընկերների հետ զրույցում անդրադարձել է նաև Կառավարության ծրագրի մեկ այլ գերակա ուղղությանը՝ կոռուպցիայի դեմ պայքարին, և ընդգծել, որ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի տեսանկյունից կարևորվում է մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը, որը կիրականացնի ուսումնասիրություններ, օժտված կլինի կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար անհրաժեշտ գործիքակազմով:

Հանդիպման ավարտին անդրադարձ է կատարվել նաև մի շարք օրենսդրական նախաձեռնությունների ընթացքին, դատական համակարգի բարեփոխումներին և այլ հարցերին: