Շիրակի մարզպետը քննարկել է սահմանային անցման կարգի պարզեցմանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

1

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր սահմանապահ զորամասի հրամանատարության ուղեկցությամբ եղել է սահմանի երկայնքով տեղակայված մի քանի ուղեկալներում, ծանոթացել սահմանապահների ծառայության ընթացքին: Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետարանից:

Տիգրան Պետրոսյանը դիտել է նաև պատմական Անի մայրաքաղաքի ավերակները: Քննարկվել է զբոսաշրջության զարգացմանը, մասնավորապես, սահմանային անցման կարգի դյուրինացմանն առնչվող հարցեր:

«Շիրակի մարզը մեծ ներուժ ունի, զբոսաշրջիկներին հետաքրքրող շատ վայրեր կան մեզ մոտ, պատմաճարտարապետական զբոսաշրջության ուղղությունը կարող է նաև հիմք հանդիսանալ` հոգևոր և ուխտագնացային զբոսաշրջության զարգացման համար»,- ասել է Տիգրան Պետրոսյանը:

Մարզային իշխանություններն այցելել են նաև Խարկով բնակավայր: Այստեղ նրանք մասնակցել են Անիավան բնակավայրի վարչական ղեկավար Մարտիրոս Միրոյանի կողմից ՀՀ պետական դրոշի փոխարինման արարողությանը:
Սահմանապահ զորամասի հրամանատարության ուղեկցությամբ մարզպետը շրջել է նաև սահմանային գոտում գտնվող այն շենք-շինությունների տարածքում, որոնք սահմանապահների կողմից այժմ չեն օգտագործվում:

Կողմերը քննարկել են դրանց նպատակային օգտագործմանն առնչվող հարցեր: