Աժ փոխնախագահը Նյու Դելիում քննարկել է ԵԱՏՄ-Սինգապուր ազատ առևտրի մասին համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

նկար

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում «Ռաիսինա երկխոսություն 2023» 8-րդ համաժողովի շրջանակում հանդիպել է Սինգապուրի ավագ նախարար Թարման Շանմուգարանթամի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ պատգամավորներ Արեն Մկրտչյանը և Ծովինար Վարդանյանը, Հնդկաստանում ՀՀ դեսպան Յուրի Բաբախանյանը։

«Քննարկեցինք միջպետական հարաբերություններում առկա զարգացումները, ԵԱՏՄ-Սինգապուր ազատ առևտրի մասին համաձայնագիրը, որը 2023 թ. փետրվարի 10-ին վավերացվեց Հայաստանի Ազգային ժողովի կողմից։

Պրն Շանմուգարանթամը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի խորհրդարանը ԵԱՏՄ անդամ երկրների շարքում առաջինն էր, որ վավերացրեց համաձայնագիրը։

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին` անդրադարձ կատարվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության 2019 թ. այցին Սինգապուր, որին հաջորդեց Սինգապուրի վարչապետ Լի Սիեն Լունի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան։

Քննարկվեց նաև հարաբերությունների զարգացումը մշակույթի, էլեկտրոնային կառավարման, կիբեռանվտանգության և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, տնտեսական այլ ոլորտներում»,- Ֆեյսբուքի էջում գրել է Արշակյանը:

--00—ԼՄ