Էրդողանը՝ Նեթանյահուին. «Հե՛յ Նեթանյահու, ուշքի՛ արի»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, ով իրեն բռնապետ էր անվանել: Անկարայի Փուրսաքլար շրջանում ժողովրդի առջև ելույթ ունեցած Էրդողանը Նեթանյահուհին դաժան մարդասպան է անվանել: Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

«Հե՛յ Նեթանյահու, ուշքի արի: Դու անխիղճ ես, 7 տարեկան պաղեստինցի երեխաներին սպանող անխիղճ ես»,- ելույթի ժամանակ Նեթանյահուին դիմելով՝ ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահն Իսրայելի ղեկավարին մեղադրել է այն բանում, որ հրեական ոստիկանության ու զինված ուժերի ծառայողները կոշիկներով ներխուժում են Երուսաղեմի մզկիթներ, որոնք սրբավայրեր են մուսուլմանների համար:

«Մենք այս երկրում ոչ մի հրեայի նկատմամբ զուլում չենք արել, ոչ մի սինագոգում ձեր արածները չենք արել: Մեզ մի փորձիր, մենք այդ խաղերին չենք տրվելու, բայց դրա պատասխանը միջազգային հարթակներում ձեզանից պահանջելու ենք»,- ասել է Էրդողանը:  

Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Twitter-ի էջում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերյալ կոշտ գրառում էր կատարել, որտեղ մասնավորապես ասվել էր.

«Թուրքիայի նախագահը հարձակվում է Իսրայելի ժողովրդավարության վրա, մինչդեռ թուրք լրագրողները և դատավորները հայտնվում են թուրքական բանտերում։»։