Քրգործ է հարուցվել Սոլակ համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

դատախազություն

Կոտայքի մարզի Սոլակ համայնքի ղեկավար Էդգար Խաչատրյանի մասնակցությամբ հունվարի 20-ին տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ ՀՀ դատախազի հանձնարարությամբ հարուցվել է քրեական գործ:

Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի(խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հատկանիշներով: Նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին»,- ասաց Խաչատրյանը;

ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հունվարի 20-ի երեկոյան Կոտայքի մարզի Սոլակ համայնքի ակումբում տեղի ունեցած խնջույքի ժամանակ՝ ակումբի դիմաց ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանություն է ծագել Ս. Պողոսյանի, Հ. Մկրտչյանի միջև, որի առնչությամբ պազաբանումներ ստանալու նպատակով «Կալեր» կոչվող վայրում Սոլակի համայնքի ղեկավար Է. Խաչատրյանը, Հ. Մկրտչյանը, Ս. Պողոսյանը և նրանց մտերիմներ Սոլակ գյուղի բնակիչներ Տ. Մարգարյանը, Ա. Հայրապետյանը, Հ. Գևորգյանը հանդիպել են, նրանց միջև առաջացել է ծեծկռտուք: Միջադեպի հետևանքով Սոլակի համայնքի ղեկավար Է. Խաչատրյանը անհայտ հանգամանքներում վնասել է ձախ ձեռքի դաստակը: 

Հունվարի 20-ին նա դիմել է Չարենցվանի բժշկական կենտրոն, ու բժիշկները առանց համապատասխան հաշվառման նրան ցուցաբերել են բուժօգնություն: Դեպքի ժամանակ Է. Խաչատրյանի ընկերոջ Հ. Մկրտչյանի կողմից կրակոցներ են արձակվել: