Գազավորված ըմպելիքների արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների դժգոհությունը տեղին է․ Թունյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

.

«Իմ քայլի» պատգամավորները` Հարկային օրենսգրքի փոփոխությունների թերությունների  մասին:

Իշխող կուսակցության «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը չի բացառում, որ խմբակցությունը դեմ կքվեարկի Հարկային օրենսգրքի առաջարկվող փոփոխություններին: Դա կլինի այն պարագայում, եթե տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ակցիզային հարկի բարձրացման վերաբերյալ պատշաճ հիմնավորումներ չներկայացնի խորհրդարանին:

24news հետ զրույցում Վարազդատ Կարապետյանն ասաց.  «Երկու կարևոր դիրքորոշում կա այս հարցի վերաբերյալ՝ արտադրողները պնդում են, որ տնտեսական ռիսկերը և տնտեսության վրա ազդեցության վտանգները շատ են, ֆինանսների նախարարությունն այս քայլով ուզում է կոմպենսացնել հարկային եկամուտների հնարավոր թերակատարումները, որոնք այլ օրենքներով պայմանավորված կլինեն»:

Ամենակարևոր հարցը, որը իշխող ուժի խմբակցության պատգամավորները բարձրացնելու են կառավարության առջեւ, նախատեսվող քայլի տնտեսական հիմնավորումներն են: Պատգամավորը նկատում է` էկոնոմիկայի նախարարությունն այդ գնահատականը չի տվել, ուստի, իրենք չեն կարող որոշում կայացնել ո՛չ ծխախոտի մասով, ո՛չ գազավորված ըմպելիքների. «Այս պահին թերի է նախագիծը»:

Հակառակ դեպքում, մեր զրուցակիցը դեմ կքվեարկի Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծին: Չի բացառում, որ խմբակցության շատ պատգամավորներ այդպես վարվեն. «Այո, մենք պետք է ամբողջական պատկեր ունենանք: Այս պահին չունենք ամբողջական պատկեր»:

Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նույնպես գտնում է, որ գազավորված ըմպելիքների արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների դժգոհությունը տեղին է։ Ակցիզային հարկով հարկելու առողջապահական հիմնավորումը, նրա համար «շատ վիճահարույց է», որովհետեւ, ըստ պատգամավորի բացատրության, եթե մենք շաքարի փոխարեն շեշտը դնում ենք ըմպելիքի գազավորվածի վրա, դրա արդյունքում կարող է շաքար պարունակող ավելի վնասակար խմիչքը դուրս մնալ ակցիզային հարկից եւ գազավորվածը միայն չափանիշ վերցնելով՝ մնա ակցիզային հարկի տակ:  Նա կարծում է, որ այդ փոփոխությունից փոքր եւ միջին ձեռնարկությունները տուժելու են. «Քանի որ մենք ունենք ֆիքսված ակցիզային հարկ` 30 դրամ մեկ լիտրի համար, ստացվում է, որ ցածր գնային սեգմենտում աշխատողներն են այդ փոփոխություններից տուժելու։ Օրինակ, 100 դրամանոց լիմոնադի համար 30 դրամը նշանակում է 30 տոկոս, 200 դրամանոցը 15 տոկոս եւ այլն: Կարող է ստացվել այնպես, որ շուկայում խոշորները կարող են կլանել փոքրերին եւ նրանց մասնաբաժինը վերցնել մրցակցության արդյունքում»: 

Բաբկեն Թունյանը հույս ունի, որ  ամեն դեպքում հարցը լուծում կգտնի`մինչեւ խորհրդարան հասնելը: Այս իմաստով հակասություններ՝ կառավարության եւ խորհրդարանի միջեւ, նա չի տեսնում. «Եթե միեւնույն ուժն ենք ներկայացնում, չի նշանակում, որ կարծիքները չեն կարող տարբերվել»:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժոողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պագամավոր Գևորգ Պապոյանի ներկայացմամբ էլ, Հարկային օրենսգրքի նախագծի շուրջ պատգամավորների և կառավարության անդամների միջև մասնագիտական բանավեճ կա.

«Հիմա մեզ մոտ կա շատ առողջ աշխատանքային քննարկում, և այն մոտեցումը, որը նախկինում եղել է, որ եթե մի բան կառավարությունից գալիս է, պարտադիր առանց քննարկելու դակել են Ազգային ժողովում, այսօր չկա: Կա առողջ բանավեճ, ոչ թե հակասություն, և այդ բանավեճի արդյունքում  մենք գտնելու ենք լավագույն լուծումները: Մենք օրենսգրքի մի քանի կետերի մեջ խնդիրներ ենք տեսնում»: Խոսքը ծխախոտի, գազավորված ընպելիքների ակցիզային հարկի բարձրացման ու շաքարի պարունակության որոշման հարցին է վերաբերվում: Ըստ պատգամավորի՝ ինքը չի վիճարկում առողջապահության նախարարի բերած փաստարկները, ըստ որոնց, բնակչության առողջության տեսակետից քայլը ճիշտ է, բայց, մյուս կողմից, պատգամավորի կարծիքով պետք է հաշվի առնել, որ գործընթացում կա ևս երեք կողմ`առաջինը՝պետության տնտեսական քաղաքականությունն է, երկրորդը՝ ֆիսկալ կողմը՝ ի դեմս ֆինանսական միջոցներ հավաքագրող ՊԵԿ-ի ու Ֆինանսների նախարարության, և մյուս կողմը բիզնեսն է:

 «Եթե պատկերավոր ասած չորս կողմ կա, լուծումը պետք է լինի հետևյալը՝ այդ չորս կողմի շահերը որտե՞ղ են հատվում: Այդ հատման տարածքում մենք պետք է գտնենք լավագույն լուծումը, որպեսզի և առողջապահական խնդիրները լուծվեն, և բիզնեսի  համար լավ լինի, և ընդհանուր տնտեսական զարգացումը վտանգների չենթարկենք, և բյուջեի հավաքագրման խնդիրներ չունենանք: Եվ այս լուծումը չպետք է լինի որևէ ոլորտի շահի տրամաբանության շրջանակներում»,- մեզ հետ զրույցոմ ասաց նա`հավելելով, որ վերջնական դիրքորոշման համար սպասում են տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության գնահատականին: Գեւորգ Պապոյանը նույնպես չի կարծում, թե խնդիրը կհասնի նրան, որ «Իմ քայլի» պատգամավորները դեմ քվեարկեն Հարկային օրենսգրքի նախագծին: Իր տպավորությամբ, բոլոր նախադրյալները կան, որ կառավարությունը  պատգամավորների հետ քննարկումների արդյունքում փոխզիջումների կգնա, և փոխզիջումային որոշում ընդունվի:

Գևորգ Պապոյանը համաձայն է բիզնեսի ներկայացուցիչների այն գնահատականների հետ, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունները լիարժեք չեն, կիսատ-պռատ են: Նա նշեց, որ առաջարկվող փոփոխություններն ամբողջությամբ չեն լուծում բիզնեսի խնդիրները: «Մենք ընդհանրապես պետք է աշխատենք բոլորովին նոր Հարկային օրենսգրքի վրա, որը և ծավալով կլինի ավելի փոքր, և վարչարարությամբ ավելի պարզ: Այսօր մեր Հարկային օրենսգիրքն իր մեջ ունի նաև որոշակի իրար հակասող մեխանիզմներ, որոնք նախկին տրամաբանության շրջանակներում են եղել՝ խնդիրներ ստեղծել բիզնեսի համար, հետո այդ խնդիրների միջոցով նաև կոռուպցիոն գործողությունների գնալ: Որպեսզի կոռուպցիա չլինի երկրում, ես կարծում եմ, քաղաքական կամքից բացի շատ կարևոր է, որպեսզի կոռուպցիա ծնող պատճառներ չլինեն: Այսինքն՝ եթե պետական չինովնիկը, եթե անգամ ուզի կոռուպցիայով զբաղվել, ինքը չի կարողանա զբաղվել, եթե պարզ է հարկային վարչարարությունը»,- ասաց մեր զրուցակիցը: Նրա կարծիքով, նոր`ամբողջական Հարկային օրենսգրքի մշակումը կարող է մինչև երեք տարի ժամկետ պահանջել:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս