Ով կարող է ՍԴ դատավորի թեկնածու առաջադրել․ կառավարությունն օրենքում փոփոխություն կատարեց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

ՍԴ

Կառավարությունը հավանություն տվեց «Ազգային ժողովի կանոնակարգ» Սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին»  Սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների  նախագծերին։

Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրումներ կատարում են հաջորդաբար հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և կառավարությունը՝  Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը թափուր մնալուց և Սահմանադրական դատարանի նախագահի կողմից համապատասխան տեղեկությունն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորություններն ավարտվելու կամ պաշտոնավարման տարիքը լրանալու դեպքում՝ Սահմանադրական դատարանի նախագահի կողմից տեղեկությունն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ավարտին կամ պաշտոնավարման տարիքը լրանալուն նախորդող վեց ամսվա ընթացքում ընտրվելու դեպքում Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորն իր պաշտոնն ստանձնում է Սահմանադրական դատարանի համապատասխան դատավորի լիազորությունների ավարտման կամ պաշտոնավարման տարիքը լրանալու օրը։