Գողացած բանկային քարտով փող է կանխիկացվել. ոստիկանությունը փնտրում է տեսանյութի տղամարդուն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը։ Այդ մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեին։

Քաղաքացին հաղորդում է տվել, որ 2018 թ. դեկտեմբերի 21-ին՝ ժամը 16:00-ից մինչեւ 18:00-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ժամանցի կենտրոնում իր պայուսակից գաղտնի հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել են բանկային քարտեր եւ գումար: Նույն օրը՝ ժամը 18:00-ին, գողացված բանկային քարտով կատարվել է գումարի կանխիկացման գործարք՝ քաղաքացուն պատճառելով գույքային վնաս:

Դեպքի առթիվ ոհարուցվել է քրգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և  Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել է բանկոմատի անվտանգության տեսախցիկների` գողացված բանկային քարտով կատարված գործարքի տեսագրությունը, ենթարկվել զննության:

Քրգործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմին կամ ովքեր ճանաչում են նրան, որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: