«Ուզում ենք՝ կողմերն իրենք մշակեն տեքստն ու պայմանները և միասին ընդունեն դրանք»․ Լուիս Բոնո

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

4d4f3fef-0c5c-4aa8-89c1-475b7e65a86f.jpg
Բաքվում հանդիպումներից հետո երեքշաբթի օրը Երևան ժամանեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս (Լու) Բոնոն: Երկու մայրաքաղաքներում ամերիկացի դիվանագետի հանդիպումների նպատակը, ինչպես շեշտում են ԱՄՆ դեսպանատնից, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն առաջ մղելն է։

Լուիս Բոնոն Երևանում հարցազրույց է տվել «Ազատության» հայկական ծառայությանը.

- Ձեր առաջին այցը տարածաշրջան բարդ ժամանակահատվածում է։ Շուրջ երեք ամիս է՝ արգելափակված է Լաչինի միջանցքը, հայկական կողմը հաղորդեց Ղարաբաղում ադրբեջանական արյունալի սադրանքի մասին։ Մյուս կողմից՝ Բաքուն խոսում է վերաինտեգրման մասին՝ զգուշացնելով ավելի «կոշտ և կտրուկ» քայլերով։ Արդյո՞ք սա այն ուղիղ բանակցությունն է, որն առաջ է մղում Վաշինգտոնը, և հնարավո՞ր է խաղաղության հասնել այս կերպ, նման մթնոլորտում:

- Ես ժամանել եմ Բաքու կիրակի երեկոյան: Ու երբ ինքնաթիռից դուրս եմ եկել, իմացել եմ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ողբերգության՝ շատ անհանգստացնող լուրը: Բայց ինձ համար այն միայն ամրապնդեց իմ առաքելության կարևորությունը, այս հակամարտությունը վերջ տալու անհրաժեշտությունը: Մենք այլ ճանապարհ չենք տեսնում, քան այն, որ պետք է սերտ համագործակցենք կողմերի հետ՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարների հետ, խաղաղություն հաստատելու համար, խաղաղություն, որը կլինի երկարատև և հավասարակշռված:

- Ստեփանակերտ-Բաքու շփումները ռուսական միջնորդությամբ կանվանեի՞ք անհրաժեշտ երկխոսության սկիզբը:

- Իմ լիազորությունը չէ մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ երկխոսությունը:

- Այդ դեպքում, Միացյալ Նահանգները պատրա՞ստ է Բաքվի և Ստեփանակերտի երկխոսության միջնորդությունը ստանձնել։ Եթե այո, ի՞նչ կարգավիճակով:

- Այս գործընթացում մեր դերը միջնորդությունը չէ: Մենք այստեղ չենք տեքստ պարտադրելու, կողմերից որևէ մեկի վզին պայմաններ փաթաթելու համար: Այն, ինչ մենք փորձում ենք անել, խաղաղությունը հեշտացնելն է: Նկատի ունեմ, որ մենք ուզում ենք՝ կողմերն իրենք մշակեն տեքստն ու պայմանները և միասին ընդունեն դրանք: Նրանք պետք է դրա վրա միասին աշխատեն, որովհետև ցանկացած երկարատև, կայուն և հավասարակշռված խաղաղություն պետք է կողմերից գա: Այն չի կարող գալ երրորդ՝ դրսի կողմից։

--00—ԶՀ