Թուրքիայում ժողովուրդը հիմնականում վրանների մեջ է ապրում, երկրաշարժի ցնցումները հանգիստ չեն տալիս

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

էս

Թուրքիայում ապրող հայերն այսօր միայն բնակելի շենքերի կառուցման, վերակառուցման կարիք ունեն երկրաշարժի գոտում։ Այս մասին 24News-ին ասաց պոլսահայ լրագրող, Թուրքիայում տպագրվող «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը։

Էստուկյանի խոսքերով, տեղի հայերը սննդի, դեղորայքի և այլնի պակաս չունեն․ «Բայց երկրաշարժը տակավին նոր ցնցումներով կշարունակվի ամբողջ երկրի տարածքում։ Այս շրջանը դժվար կանցնի։ Ժողովուրդը հիմնակնում վրանների մեջ է ապրում։ Հետագայում կսկսվի շինարարության շրջանը»։

Ինչ վերաբերում է նոր աշխատանքով ապահովմանը, ապա թուրքաբնակ գործիչն ասաց, որ քաղաքում բնակվող հայերը քիչ են, և աշխատանքի խնդիրը կարող էր միայն վերաբերել գյուղաբնակ հայերին, մասնավորապես՝ Թուրքիայի Հաթայի շրջանի հայաբնակ Վաքըֆ գյուղի (Մուսա լեռան լանջին) բնակիչներին․ «Իրենք հատուկ աշխատանք չունեին, իրենց այգիներում էին աշխատում, հողագործ ժողովուրդ է։ Հողի մշակմամբ են զբաղվում, այնպես որ՝ աշխատանքի խնդիր չունեն։»։

Սակավաթիվ քաղաքաբնակ հայերը, որոնցից մեծամասամբ կանայք, ըստ «Ակոսի» խմբագրի, տեղափոխվել են Ստամբուլ․ «Մանավանդ երեխա ունեցող կանայք, որովհետև ուսումն ընդհատված է Հաթայում։ Երեխաները հաճախում են Ստամբուլի հայկական դպրոցները»։

Ինչ վերաբերում է «Ակոս» թերթի աշխատանքին, ապա Էստուկյանն ասաց, որ գործունեության մեջ երկրաշարժն էական ազդեցություն չունի։ «Մեր աշխատանքը սովորական շարունակում ենք։ Մեր կյանքի մեջ փոխված բան չկա երկարշարժի բերումով։ Միայն տրամադրությունների խանգարում կա աղետի, ողբերգությունների պատճառով»,- եզրափակեց պոլսահայ գործիչը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ