Արցախի ՄԻՊ-ը ադրբեջանական դիվերսիոն խմբի ահաբեկչական գործողության վերաբերյալ զեկույց է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

l-0x0wh-786x458z-1 (18)

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հրապարակել է զեկույց ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն խմբի կողմից մարտի 5-ին իրականացված ահաբեկչական գործողության մասին։

Զեկույցում ամփոփված են ահաբեկչական գործողության վերաբերյալ Արցախի ՄԻՊ հաստատության կողմից հավաքագրված փաստերը, որոնք ստացվել են իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում, իրավասու մարմիններից և բաց աղբյուրներից։

Ըստ հավաքագրված փաստերի՝ նախօրոք պլանավորված ահաբեկչական գործողությունը տեղի է ունեցել մարտի 5-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում։

Ոստիկանական մեքենան Ստեփանակերտից շարժվել է 09:30-ի սահմաններում, մինչ այդ կայանված էր Արցախի ՆԳՆ ոստիկանության վարչական շենքի դիմաց։ Մեքենայի անձնակազմը բաղկացած էր 4 ոստիկաններից՝ փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայան, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյան, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյան և լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյան։

Հավաքագրված փաստերից հստակ երևում է, որ մեքենան շարժվում է Ստեփանակերտից, ուստի անհիմն և կեղծ են ադրբեջանական կողմի այն պնդումները, թե իբր մեքենայով հայկական կողմը Հայաստանի Հանրապետությունից զենք-զինամթերք էր տեղափոխում Արցախ։ Ստեփանակերտից մեկնող արցախցի ոստիկանների մեքենայում եղել են միայն ծառայողական փաստաթղթեր ու նրանց տաբելային զենքը։

Մոտավորապես 30-40 րոպե երթևեկելուց հետո մեքենայի անձնակազմը նկատել է, որ ճանապարհի երթևեկելի հատվածում շարված են քարեր, որոնք խանգարում են երթևեկության: Մեքենան կանգ է առել։

Քարերի հետևից դուրս են եկել ադրբեջանական դիվերսիոն խմբի 5 անդամներ՝ զինվորական հագուստով, դիմակավորված, ինքնաձիգերով զինված և ինքնաձիգերի փողերը դեպի մեքենան ուղղած։

Մեքենայի վարորդը փորձել է հետ պտտել ավտոմեքենան, սակայն նույն պահին ադրբեջանական դիվերսիոն խմբի նշյալ 5 անդամները՝ դիմացից, ինչպես նաև ճանապարհի աջ և ձախ հատվածում դարանակալած դիվերսիոն խմբի ևս 10 անդամներ սկսել են կրակահերթեր արձակել ավտոմեքենայի ուղղությամբ։ Կրակահերթերը շարունակվել են մոտ 10 րոպե։

Մեքենայի արտաքին զննությունը հստակ ցույց է տալիս, որ մեքենայի ուղղությամբ ադրեջանական դիվերսիոն խմբի կողմից արձակվել են հարյուրավոր գնդակներ։

Կրակը դադարելուց հետո ադրբեջանական դիվերսիոն խմբի 3 անդամներ մոտեցել են մեքենային, ենթադրաբար զննել մեքենան, հսկողական կրակոցներ արձակել մեքենայի վարորդի և վարորդի մոտ նստած ուղևորի ուղղությամբ։ Սակայն, ըստ փրկված ոստիկանի վկայության, ադրբեջանցիները մեքենայի հետնամասի սրահի դուռը չեն բացել՝ ենթադրաբար չնկատելով, որ հետնամասի սրահում ևս ուղևորներ կան։

Այնուհետև ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամները սկսել են հեռանալ հանցագործության վայրից դեպի ճանապարհին հանդիպակաց բարձունքում տեղակայված իրենց զինված հենակետեր։

Ադրբեջանցիների՝ հետ քաշվելու ընթացքում հայկական կողմից բացված պատասխան կրակի հետևանքով ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամների շրջանում եղել են զոհեր և վիրավորներ։

Ահաբեկչական հարձակումից մոտ 30-40 րոպե հետո տեղ են ժամանել ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները։ Նրանց միջամտությունից հետո կրակը դադարեցվել է։

Ռուսական կողմի միջամտությունից հետո ադրբեջանական կողմը շարունակել է հետ քաշվել՝ իր հետ տանելով ադրբեջանական դիվերսիոն խմբի զոհված անդամներին և վիրավորներին։

Ռուսական խաղաղապահները Ա.Գասպարյանին և Դ․ Հովսեփյանին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն և տեղափոխել հիվանդանոց:

Ադրբեջանական հարձակման հետևանքով փոխգնդապետ Արմեն Բաբայանը, մայոր Դավիթ Դանիելյանը տեղում զոհվել են, իսկ լեյտենանտ Արարատ Գասպարյանը մահացել է հիվանդանոց տեղափոխվելիս։ Լեյտենանտ Դավիթ Հովսեփյանը ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում։ Նա վիրահատվել է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

 Զեկույցը պատրաստվել է բաց և փակ տարբերակով` հայերեն և անգլերեն։ Այն ուղարկվել է միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպան կառույցներին։

 Զեկույցը հասանելի է Արցախի ՄԻՊ-ի պաշտոնական կայքում:

--00—ՅՄ