Ի՞նչ իմաստ ունի գյուղվարկավորման համար նոր ՓԲԸ-ի ստեղծումը․ Փաշինյանը չընդունեց առաջարկը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

Կառավարության նիստում թեժ քննարկում է ծավալվել գյուղատնտեսության ոլորտում ԾԻԳ-երից մեկը լուծարելու և նոր ՓԲԸ ստեղծելու շուրջ:

Գյուղատնտեսության նախարարի պարտականություններն իրականացնող Գեղամ Գևորգյանի նշել է, որ Գյուղնախարարության նախագծով առաջարկվում է Գյուղնախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելուց հետո նրա գործառույթների մի մասը փոխանցել նախարարությանը, մի մասը վերապահել «Գյուղական ֆինանսավորման կառույց» փակ բաժնետիրական ընկերությանը։

«Հիմնադրամի գործառույթները ծրագրերի իրականացման մասով իրականացնելու է նոր ստեղծվող ծրագրերի իրականացման գործակալությունը, որպես նախարարության առանձնացված ստորաբաժանում:

«Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը եւս լուծարվում է եւ միավորվում է այդ նոր գործակալությանը:

Բացի դրանից՝ ստեղծվում է գուղական ֆինանսավորման կառույցը, որ այդ Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի մի մասն է կազմում, այստեղ ստեղծում ենք առանձին ՓԲԸ, որը սպասարկելու է ծրագիրը»,-ասել է Գեւորգյանը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն առարկել է․ իրենց համար անընդունելի է փակել ԾԻԳ-երը և փոխարենը ստեղծել ՓԲԸ, որը պետք է զբաղվի նույն գործով, միայն անունն է այլ լինելու. «Կարծում ենք, որ պետք է ձեռնպահ մնալ այդ կազմակերպությունը ստեղծելուց»:

Գեղամ Գեւորգյանը հակադրվել է, որ այնքան էլ այդպես չէ, այդ ԾԻԳ-ը բաղկացած է երկու մասից. «Մենք ԾԻԳ-ը չենք լուծարում, տեղը ստեղծում ՓԲԸ, ընդամենը գործառույթների մի մասը, որը չի կարող իրականացնել նախարարությունը, որովհետեւ նախարարությունը չի կարող revolving fund սպասարկել, շահույթ գեներացնել, հետո այդ շահույթը բաշխել ծրագրին համապատասխան համապատասխան, նաեւ սպասարկել ենթավարկ: Դրա համար ստեղծում ենք այդ ՓԲԸ-ն»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց է ուղղել՝ ԾԻԳ-ի այդ հատվածը ի՞նչ էր անում, ՓԲԸ-ն ի՞նչ է անելու, ինչո՞ւ դա պետք է արվի եւ ինչո՞ւ չի կարող անել նախարարությունը կամ պետական սովորական շրջանակի մեջ գտնվող որեւէ կառույց:

Դիտարկմանը, թե այդ կառույցը բանկին «էժան փող է տալիս», վարչապետն արձագանքելէ. «Հիմա կառավարությունը չի՞ կարող բանկին տալ փողը, ասել՝ տալիս եմ, որ դու մաքսիմում էս տոկոսով ֆինանսավորես: Ձեր նկարագրած մարմինը, որեւէ դոնորից, որպես պետական մարմին մշակում է ծրագիրը, դրա համար վերցնում է գումար, այդ գումարը բովանդակության հետ տալիս է բանկերին, ասում է՝ այս չափանիշներով, էս տոկոսով կտաս գյուղացիներին: Գյուղացին գնում է բանկ, վերցնում է վարկը, հետո փակում է վարկը բանկին: Իսկ այդ ընթացքում այդ մարմինն ի՞նչ է անում: Ինչու դա չի կարող անել նախարարությունը կամ դրան որեւէ բաժինը»:

Գեղամ Գևորգյանը նշել է, որ նախարարության բաժինը չի կարող այդպես ճկուն լինել, ինչը զայրացրել է Փաշինյանին.

«Բա եթե չի կարող ճկուն լինել, ինչի՞ ենք իրեն պահում: Մենք, ըստ էության, գործ ունենք արտապատվիրակված լիազորության հետ, մենք բանկին փող ենք տվել, գյուղացուն էլ ասել ենք՝ կա նման հնարավորություն, գնացեք էս տոկոսով վարկ վերցրեք: Հիմա իրենք իրար մեջ աշխատում են, իրար հետ աշխատում են, մենք էդ ընթացքում ի՞նչ ենք անում, էդ ի՞նչ է որ, կներեք, պարզապես ուժայիններին հայացքս ընկավ, դրա համար եմ ասում՝ «հատուկ սպեցնազ» ենք ձեւավորում, որ վերահսկի այդ գործառույթը»:

Փաշինյանը նկատել է. «Եթե մեր միակ փաստարկն այն է, որ դոնորը սենց է ուզում, բա մենք ո՞վ ենք ստեղ հավաքված»:

Դիտարկմանը, թե այդ ՓԲԸ-ն սպասարկում է նաեւ պետության պարտքը, Փաշինյանին զայրացրել է. «Մենք 7 մլրդ դոլարի պարք ունենք, եկեք բոլոր պարտքերի համար մի ՓԲԸ ստեղծենք, որ սպասարկի, ինչի՞ չենք ստեղծում: Մենք փաստորեն մի մեծ կառույց ենք ստեղծում, որին հետո պահպանման ծախսեր տանք»:

Փաշինյանն արձագանքել է՝ ակնհայտ է, որ պատրաստ չեն այս հարցով որոշում կայացնելու, պետք է լուծումը գտնել: Նա առաջարկել է հարցը հանել օրակարգից և առաջարկել արագ կերպով լուծում գտնել, իսկ հարկ եղած դեպքում արտահերթ նիստ հրավիրել։