Մակունցը մեկնաբանում է Արսեն Թորոսյանի գրառումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

«Իմ քայլը» դաշինքի բոլոր պատգամավորներն աշխատում են դրական փոփոխությունների ուղղությամբ։ Այդ մասին խորհրդարանում ամենամեծ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` մեկնաբանելով Արսեն Թորոսյանի հայտարարությունը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է արել ֆեյսբուքյան էջում` նշելով, որ տպավորություն ունի՝ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում երկրի առողջապահական համակարգում։

«Մեր խմբակցությունում, իհարկե, բոլորն աշխատում են դրական փոփոխությունների ուղղությամբ։ Իսկ հավելյալ մեկնաբանությունների համար, կարծում եմ, արժի դիմել պարոն Թորոսյանին»,- նշել է Մակունցը, ապա հավելել, որ այդ հարցի շուրջ «թեժ քննարկումներ» չեն եղել, զրույց է եղել խմբակցության ներսում, որի հրապարակումը էթիկայի նորմերի խախտում է։ Մակունցը հրաժարվել է թեման մեկնաբանել` միայն նշելով, որ իրեն վերագրված խոսքերը չեն համապատասխանում իրականությանը։

Հիշեցնենք՝ Արսեն Թորոսյանը գրել էր, որ տպավորություններ ունի՝ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում տեսնել երկրի առողջապահական համակարգում։

«Կարծես թե Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ամեն ինչ պետք է մնար նույնը․ պետական թալանված փողերը չպետք է վերադարձվեին, քանի որ դա «գործ տալ է»։ Անկեղծ ասած` օգնություն չեմ էլ ակնկալում նրանցից, բայց և թույլ չեմ տա որևէ արհեստական խոչընդոտ այդ կարևոր ծրագրերի իրականացման ընթացքում ու չեմ վարանի իրերը կոչել իրենց անուններով, ինչպես միշտ։

Մի բան բոլորի համար թող պարզ լինի. ես այս պատասխանատու գործում ունեմ գեթ մեկ առաքելություն՝ բերել դրական փոփոխություններ մեր երկրի առողջապահական համակարգում և բնակչության առողջության մեջ։ Այլ շահեր, ի տարբերություն ոմանց, ոչ ունեցել եմ, ոչ էլ ունեմ»,- գրել էր Թորոսյանը։