16 ցուցարար բերման է ենթարկվել․ ոստիկանություն 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

բորման

Օպերայի շրջակայքի սրճարանների ներկայացուցիչների բողոքի ակցիայի վայրից ոստիկանություն է բերման ենթարկվել 16 անձ։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Մաշտոցի պողոտայից 16 քաղաքացի բերվել է ոստիկանության Կենտրոնական բաժին՝ ոստիկանների օրինական պահանջները չկատարելու հիմքով», - նշեց Ջանոյանը։ 

Երևանի քաղաքապետարանն այսօր վաղ առավոտից վերսկսել է Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։ Այս պահին ապամոնտաժվում է «Ատլանտիս գարդեն» սրճարանը։

Սրճարանների աշխատակիցները նախ փակել էին Մաշտոցի պողոտան, սակայն  ոստիկանները բացել էին այն՝ ցուցարարներից մի քանիսին բերման ենթարկելով, իսկ  մյուսներին՝ ուժի գործադրմամբ հեռացրել փողոցի երթևեկելի հատվածից։