Վարժարանի գոյությանը ոչ մի բան չի կարող սպառնալ․ Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

 «ՊԵԿ-ի համար Դիլիջանում կառուցված կենտրոնը նախատեսված է եղել որպես հյուրանոց եւ առողջարան. կա հյուրանոցային մասնաշենք, որը փակի տակ է, կա 9 երկհարկանի քոթեջ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ նշելով, որ դրանք եւս փակի տակ են:

«Կա նաեւ կենտրոնական մասնաշենքն ու սպորտ համալիրը, կենտրոնական մասնաշենքի մի որոշ հատվածը եւ սպորտային համալիրն օգտագործում են Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները։ Մնացած մասը նույնպես չի օգտագործվում։ Տարածքն ամբողջությամբ տրված է վարժարանին։ Թեեւ վարժարանը հյուրանոցային ծառայություններ մատուցելու իրավունք ունի, բայց հասկանում ենք, որ չի կարողանալու լավագույնս մատուցել այդպիսի ծառայություններ», - նշել է Նարեկ Բաբայանը՝ հավելելով, որ հնարավոր չէ հյուրանոցային հատվածն առանձնացնել վարժարանի տարածքից:

 «Ուղղակի պետք է հասկանալ, թե ինչ ավելի լավ լուծում կարող է գտնվել։ Վարժարանի գոյությանը ոչ մի բան չի կարող սպառնալ, բայց դա չի նշանակում, որ կարելի է չօգտագործել գույքը նպատակային, պետությունը դրանից որեւէ շահույթ չստանա։ Այն, ինչ արվել է, բոլորը գիտեն, որ շենքը կառուցվում էր որպես ՊԵԿ-ի համար առողջարանային-ուսումնական կենտրոն, հետո՝ ապրիլյան պատերազմից հետո, այն տրվել է վարժարանին։ Բայց չի նշանակում, որ մինչև 100 հոգի աշակերտ ունեցող վարժարանին պետք է տրված լինի 8 հա տարածք, հյուրանոց՝ փակի տակ, քոթեջներ՝ փակի տակ։ Այդ 8 հա տարածքի միայն մաքրության ծախսերը տարեկան 63 միլիոն դրամ է», -հավելել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ այդ շինարարության հետ կապված 3 քրեական գործ կա, եւ ոչ ոք չի կարող իմանալ՝ հատկացված գումարներից որքանն է յուրացվել։