Վեհափառն ու Բրազիլիայի դեսպանը խոսել են ՀՀ-ի և Արցախի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրների մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

330377271_1242731609672160_7933534171035329100_n

Մարտի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Նորին Սրբությունը շնորհավորեց դեսպանին նշանակման առիթով՝ մաղթելով նրան արդյունավոր առաքելություն Հայաստանում: Վեհափառ Հայրապետը կարևորեց հայ-բրազիլական կապերի ամրապնդումը և գործակցության հետագա խթանումը:  Հայոց Հովվապետն ուրախությամբ արձանագրեց, որ Բրազիլիայի հայ համայնքն իր կարևոր ներդրումն է բերում երկրի առաջընթացին՝ արժանանլով Բրազիլիայի իշխանությունների և ժողովրդի բարյացակամ ու հոգատար վերաբերմունքին:

Այնուհետև նորանշանակ դեսպանը Նորին Սրբությանը ներկայացրեց առաջիկա իր ծրագրերը՝ հատկապես կարևորելով հայ-բրազիլական մշակութային և տնտեսական կապերի զորացմանն ուղղված միջոցառումների իրականացումը։ Դեսպանը հավաստիացրեց, որ ջանքեր կներդնի հանուն երկու պետությունների բարեկամական ջերմ հարաբերությունների առավել ամրապնդման:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ոտնձգություններին և Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին։

--00—ՅՄ