Լավ, շպրտեցիք դուրս, ինչ–որ մեկը պետք է փոխհատուցի կատարված ծախսերը․ Նաիրա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 14, 24News

156650

Այսօր՝ մարտի 14-ին, Օպերայի հարակից տարածք եկան ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Արման Աբովյանն ու կարճ երկխոսություն ունեցան Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի հետ։

Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ անգամ մեկ քաղաքացու նկատմամբ չպետք է բռնություն գործադրվի։

«Ես չեմ վիճարկում, որ եղել են անօրինական թույլտվություններ, սակայն ամեն սրճարանի հետ կապված պետք է առանձին երկխոսություն լինի սեփականատերերի եւ աշխատողների հետ, Երեւանի քաղաքապետարանը պետք է առաջարկի նաեւ ալտերնատիվ լուծումներ այս մարդկանց։ Լավ, շպրտեցիք դուրս, ի՞նչ են անելու, ինչ–որ մեկը պետք է փոխհատուցի կատարված ծախսերը»,–նշեց պատգամավորը։

Զոհրաբյանի խոսքով՝ ԲՀԿ–ական պատգամավորները եկել են Օպերայի տարածք, որպեսզի փորձեն խնդիրը կարգավորել բացառապես օրենքի սահմաններում եւ թույլ չտան բռնության գործադրում։ «Երեւանի քաղաքապետարանը կարծես թե հակված չէ երկխոսության եւ փորձում է խնդիրը տրանսֆորմացնել, որ մենք չենք ուզում որ այստեղ լինի կանաչապատ տարածք։ Այդպիսի խնդիր չկա, մենք ուզում ենք, որ Երեւանը լինի կանաչ քաղաք, բայց դա չպիտի լինի ՀՀ քաղաքացու շահերի ոտնահարմամբ ու բռնությամբ»,–հավելեց նա։

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը Ազատության հրապարակին հարող հատվածի կանաչ տարածքի վերականգնման վերաբերյալ հայտարարություն էր տարածել, ըստ որի տվյալ հատվածի քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած եւ սրճարանային բիզնես ծավալած տնտեսավարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, որտեղ առաջարկվում էր նրանց՝ հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից: Սա առաջացրել է սրճարանների սեփականատերերի վրդովմունքը. Նրանք ցույց են անում, փորձում են խոչընդոտել սրճարանների ապամոնտաժման աշխատանքներին, որոնք մեկնարկել էին այսօր։ Սրճարանի աշխատակիցների հետ հանդիպել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը եւ առաջարկեց ժամը 18.00–ին հանդիպել քաղաքապետարանում, քննարկել՝ միաժամանակ հավելելով, որ այդ սրճարանները միեւնույնն է քանդվելու են։ Հանդիպումը արդյունք չէր տվել։

Հավելենք, որ այսօր վաղ առավոտից լարված իրավիճակ էր մայրաքաղաքի կենտրոնում։ Ցուցարարները փակել էին Մաշտոցի պողոտան, սակայն, կարմիրբերետավորները բացեցին այն՝ բերման ենթարկելով 16 քաղաքացու եւ ուժ կիրառելով մյուսների նկատմամբ։