Կարևոր են քրիստոնեական նույն արժեհամակարգի պահպանությանն ուղղված ջանքերը․ Գարեգին Բ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

1

Մարտի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:

Ողջունելով Վրաստանի նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Ս. Էջմիածին` Նորին Սրբությունը կարևորեց երկու երկրների ղեկավարների միջև հանդիպումները, որոնք նպաստում են հայ-վրացական բարեկամական կապերի առավել ամրապնդմանը: Վեհափառ Հայրապետը ողջունեց երկու երկրների միջև ընդլայնվող գործակցությունը` այն համահունչ նկատելով դարավոր բարեկամությանը:

1

Նորին Սրբությունը հաստատեց, որ երկու ժողովուրդների բարեկամության մեջ առանձնակի դերակատարություն է ունեցել քրիստոնեական հավատքն ու արժեհամակարգը. երկու ժողովուրդներն էլ իրենց պատմության ընթացքում հավատքի շնորհիվ կարողացել են հաղթահարել բազում փորձություններ ու դժվարություններ: Գարեգին Բ Հայրապետը կարևոր նկատեց ներկա ժամանակներում քրիստոնեական նույն արժեհամակարգի անաղարտ պահպանությանն ուղղված ջանքերը և այդ գործում իշխանությունների զորակցությունը:

1

Իր խոսքում Նորին Սրբությունը մասնավոր անդրադարձ կատարեց Վրաստանում հայկական սրբավայրերի ու մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին` հույս հայտնելով, որ դրանք վրաց իշխանությունների հոգածությամբ կգտնեն իրենց լուծումը:

Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր եղբայրական ողջույնն ու բարեմաղթանքները փոխանցեց Վրաց Ուղղափառ Եկեղեցու պետ Համայն Վրաստանի Իլյա Բ Կաթողիկոս-Պատրիարքին:

1

Իր հերթին նախագահ Զուրաբիշվիլին ուրախություն հայտնեց Հայաստան իր երկրորդ այցի առիթով, ապա անդրադարձավ Վրաստանի առջև ծառացած մարտահրավերներին: Խոսելով տարածաշրջանում տիրող իրավաճակի մասին` Վրաստանի նախագահը նշեց, որ խաղաղությունն այլընտրանք չունի: Տիկին Զուրաբիշվիլին նաև անդրադարձ կատարեց երկու երկրների միջև առկա համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին:

 

1

 

Տեսանյութեր

Live

Լրահոս