Ապահովագրական գործակալին մեղադրվում է 2,6 մլն դրամ ապահովագրավճար յուրացնելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

փող

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ապահովագրական գործակալի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի բնակիչը՝ ծնված 1980 թ., 2014 թ․ դեկտեմբերի 9-ին, գրանցվելով ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանում՝ որպես անհատ ձեռնարկատեր, 2014 թ. դեկտեմբերի 12-ին Երևանում ապահովագրական ընկերության հետ կնքել է ապահովագրական գործակալի պայմանագիր՝ հանդիսանալով նշված ընկերության ապահովագրական գործակալ: Նույն օրը կազմված գործակալի օգտանունի ստացման ակտով 38-ամյա տղամարդը նշված ընկերությունից ստացել է «Լայթ ինշուրանս օն-լայն» էլեկտրոնային համակարգ մուտք գործելու օգտանունները և դրանց գաղտնաբառերը՝ ստանձնելով իր կողմից ստացված օգտանուններով կնքված բոլոր պայմանագրերի համար նյութական պատասխանատվություն։

Քննությամբ պարզվել է, որ ապահովագրական գործակալը 2014 թ. դեկտեմբերի 27-ից մինչև 2015թ. հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում «Լայթ ինշուրանս օն-լայն» էլեկտրոնային համակարգով ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ ապահովագրողի անունից տարբեր ժամկետներով կնքված պարտադիր ապահովագրության 67 պայմանագրերի հիման վրա՝ ապահովադիրներից հավաքագրած ապահովագրավճարները չի փոխանցել ապահովագրողի բանկային հաշվին և յուրացման եղանակով հափշտակել է ընդհանուրը 2 559 130 դրամ խոշոր չափի գումար։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 38-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս