Բերման ենթարկված 16 ցուցարարներն ազատ են արձակվել․ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

ցույց

Օպերայի շրջակայքի սրճարանների ներկայացուցիչների բողոքի ակցիայի վայրից ոստիկանություն բերման ենթարկված 16 ցուցարարներն ազատ են արձակվել։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն է կազմվել, ու քաղաքացիներն ազատ են արձակվել», - հայտնեց Զարզանդ Գաբրիելյանը։ 

Երևանի քաղաքապետարանն այսօր վաղ առավոտից վերսկսել է Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։ Այս պահին ապամոնտաժվում է «Ատլանտիս գարդեն» սրճարանը։

Սրճարանների աշխատակիցները նախ փակել էին Մաշտոցի պողոտան, սակայն  ոստիկանները բացել էին այն՝ ցուցարարներից մի քանիսին բերման ենթարկելով, իսկ  մյուսներին՝ ուժի գործադրմամբ հեռացրել փողոցի երթևեկելի հատվածից։