Իմ հեղինակությունը կեղծիքով ու պոպուլիզմով չեմ վաստակել․ Լոռու մարզի նախկին մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

1

Իմ հեղինակությունը կեղծիքով ու պոպուլիզմով չեմ վաստակել։ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի «Սրբապղծություն» բարձրագոչ վերտառությամբ գրառումը ոչ միայն «մեղմ ասած» վրդովմունքի առիթ դարձավ, այլև, ի տարբերություն ոմանց, մարդկային ու տղամարդկային արժանապատվությանս ոտնահարման լուրջ մարտահրավեր էր ինձ համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  Լոռու մարզի նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը։

«Ինձ ճանաչողները լավ գիտեն, որ ինչ-ինչ, բայց դա անել ես թույլ չեմ տա որևէ մեկի՝ անկախ իր պաշտոնական դիրքից ու սեռային պատկանելությունից (լինի՝ արական, իգական, թե՝ չեզոք): Իսկ հիմա՝ ըստ էության: Լոռու ներկայիս մարզպետը, ըստ իմ ունեցած տեղեկությունների, դիմել է Լոռու մարզի դատախազությանը՝ ուսումնասիրելու նախկին մարզային իշխանությունների կողմից մարզպետի տնօրինմանը հանձնված սոցիալական աջակցության ֆոնդից քաղաքացիներին հատկացված գումարների հասցեականությունը: Ու գործը դեռևս նախաքննության փուլում՝ Ա. Ղուկասյանը հայտարարում է, որ բացահայտում է արված և պնդում (կրկնում եմ գործը նախաքննության փուլում է, իսկ նախաքննական գաղտիք բացահայտելը պատժելի արարք է), որ նախկին իշխանությունները ապրիլյան պատերազմում զոհված ընտանիքի համար դուրս գրված 50.000 դրամի դիմաց տրամադրել են 30.000 դրամ: Ստոր կեղծի՛ք և սուտ: Նախ՝ ինչու է մարզպետը տիրապետում նախաքննական գաղտնիքին և օրենքի պահանջները խախտելով՝ հրապարակայնացնում այն: Երկրորդ՝ մարզպետը հավանաբար միտումնավոր է կեղծ լուրեր տարածում կամ լիարժեքորեն չի տիրապետում տեղեկատվությանը…  Ինչպես կարողացա պարզել մարզպետի նախկին օգնականներից և տեղակալից, ովքեր հարցաքննվել էին, խոսքը վերաբերել է միայն Ջրաշեն համայնքից իբր ապրիլյան քառօրյայում զոհ ունեցող մեկ ընտանիքի: Վստահեցնում եմ ձեզ՝ ապրիլյան քառօրյայում Ջաշեն համայնքից, փառք Աստծո, զոհեր չենք ունեցել:  Եվ ինչ՝ որևէ մեկը կարծում է, որ մարզպետարանի որևէ մի աշխատակից իրեն թուլ կտար նման ստոր քայլի դիմել, այն էլ՝ այն դեպքում, երբ շատուշատ ընտանիքների աջակցություն էր ցուցաբերվում անձնական միջոցներից: Հուսամ՝ արձագանքողներ կլինեն… Որոշ մարդիկ ի վերջո պետք է դադարեն իրենց հեղինակության բարձրացման փորձերը այլ մարդկանց հեղինակազրկելու միջոցով: Դա ձեզ մոտ չի ստացվի: Ես իմ հեղինակությունը վաստակել եմ տարիներով, իմ նվիրումի ու աշխատանքի միջոցով: Ձեզ նույնպես խորհուրդ եմ տալիս արդյունք ենթադրող աշխատանքով ու բարի, կրկնում եմ, բարի գործերով կերտել ձեր հեղինակությունը: Կեղծ պոպուլիզմի մի՛ տրվեք, կեղծ դիվիդենտներ մի հավաքե՛ք: Դրանք շատ շուտ փշուր-փշուր կլինեն: Այսօր շատերդ մերժված եք անգամ ձեր կուսակիցների կողմից(հաճախ ենք ստիպված լինում կարդալ ձեր «յուրայինների»՝ ասածս հաստատող գրառումները), և այժմ փորձ եք անում շահել ժողովրդի վստահությունը և ստի միջոցով ամրապնդել ձեր դիրքերը: Այդպես չի լինում: Ես դեռ հավատում եմ, որ իրավական համակարգը մեր երկրում գործում է և սուտ լուրեր, զրպարտություններ տարածելը դեռ քրեորեն պատժելի արարքներ են : Իսկ ես շարունակում եմ գլուխս բարձր քայլել իմ երկրի, իմ մարզի, իմ քաղաքի փողոցներով, որովհետև հարգված ու սիրված եմ շատերի կողմից ու իմ հեղինակությունը կեղծիքով ու պոպուլիզմով չեմ վաստակել»։