Փաստաթուղթը համահունչ է Կառավարության ծրագրի հիմնական դրույթներին․ ՀՀ փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

1

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ ՀԲ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոսել է Հայաստանի և Համաշխարհային բանկի «Երկրի համագործակցության շրջանակ» փաստաթղթի մշակման ուղղությամբ ՀԲ-ի հետ կատարված արդյունավետ աշխատանքի մասին և գոհունակությամբ նշել, որ փաստաթուղթը համահունչ է Կառավարության ծրագրում ներառված հիմնական դրույթներին: Նա հույս է հայտնել, որ Համաշխարհային բանկի հետ առկա բարձր մակարդակի համագործակցությունը հետևողական կերպով կզարգանա և կընդլայնվի:

ՀԲ տարածաշրջանային փոխնախագահ Սիրիլ Մյուլլերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, բարձր է գնահատել բարեփոխումներ իրականացնելու Կառավարության պատրաստակամությունն ու ձգտումը:

Փոխվարչապետը Համաշխարհային բանկի պատվիրակության անդամներին ներկայացրել է Կառավարության կողմից ուրվագծված այն բարեփոխումները, որոնց իրականացումը կնպաստի երկրի զարգացմանը: Որպես գերակայություն՝ փոխվարչապետն առանձնացրել է մրցակցային տնտեսության ձևավորման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը, մարդու իրավունքների և կապիտալի պաշտպանությունն ու կոռուպցիայի դեմ պայքարը: Մհեր Գրիգորյանը վստահեցրել է, որ երկրում տնտեսական զարգացման զգալի ներուժ կա, որը հնարավոր է իրացնել: Փոխվարչապետը շեշտել է ենթակառուցվածքների և մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ ծրագրերի իրականացման կարևորությունը, ինչպես նաև կապիտալի շուկայի ձևավորման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում նորարարական գաղափարների իրացման համար հարթակի ստեղծման անհրաժեշտությունը:

 

Save