Վարչապետի մոտ քննարկվել է Պետական վերահսկողական ծառայության 2022թ. կատարողականը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

347832b0-597e-4ac5-8874-5ed06ca135f8.jpg

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել է Պետական վերահսկողական ծառայության 2022թ. գործունեության հաշվետվությունը: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, ՊՎԾ ղեկավար կազմը, պաշտոնատար անձինք: ՊՎԾ ղեկավարը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու տարում կառույցի կողմից կատարված աշխատանքների մասին:

Մասնավորապես, տեղեկատվություն է ներկայացվել 2022թ. իրավական ապահովման և օրինականության, պետաիրավական, տնտեսական, սոցիալական, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, գնումների գործընթացների, ստուգումների, ինչպես նաև ռիսկերի գնահատման և վերլուծության ոլորտներում իրականացված 43 ուսումնասիրությունների և 201 մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ: Ներկայացվել են նաև ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողության արդյունքները: Նշվել է, որ ՊՎԾ իրականացրած վերահսկողական միջոցառումների արդյունքում նախաձեռնվել է 77 քրեական վարույթ՝ կոռուպցիոն և այլ բնույթի հանցագործությունների գծով:

Զեկուցվել է, որ արձանագրված խախտումների հանրագումարը կազմել է շուրջ 38.2 մլրդ ՀՀ դրամ, որից պետական բյուջե է վերականգնվել 120.7 մլն ՀՀ դրամ, քաղաքացուն է վերադարձվել 13.7 մլն ՀՀ դրամ, մնացած մասով քրեական վարույթներն ընթացքի մեջ են: 2022թ. քաղաքացիներից ստացվել է շուրջ 590 հանրագիր. 2021թ. համեմատ աճը կազմել է շուրջ 43 տոկոս: Նշվել է, որ ՊՎԾ գործունեության արդյունավետության բարձրացման շրջանակում իրականացվել են կառուցվածքային փոփոխություններ, որոնք թույլ կտան վերահսկողություն իրականացնել նաև հարկային, մաքսային և տեսչական ոլորտներում: Մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն արդեն ներկայացվել է հանրային քննարկման՝ E-draft.am կայքէջում:

Շենքային պայմանների բարելավման միջոցառման շրջանակում ավարտվել են վերակառուցման/հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները, շինարարության մրցույթը նախատեսվում է հայտարարել այս տարի: Զեկուցվել է, որ ՊՎԾ բյուջեի կատարողականը կազմել է 99.3 տոկոս: Հաշվետվությունը լսելուց հետո մտքերի փոխանակություն է ծավալվել ներկայացված թեմաների շուրջ: Քննարկման առարկա են դարձել Պետական վերահսկողական ծառայության գործունեությանը վերաբերող հարցեր և հետագա անելիքները: Կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել «ՊՎԾ մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունների, վերահսկողության արդյունքում արձանագրված խախտումների վերացման, վերահսկողության գործիքակազմի ընդլայնման, կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ և այլն:

Անդրադարձ է եղել նաև պետական ծրագրերի արդյունավետության նկատմամբ վերահսկողության հարցին: Վարչապետը կարևորել է ոլորտի շարունակական բարեփոխումները և վերահսկողական միջոցառումների արդյունքում արձանագրված խախտումների վերացման, վեր հանված խնդիրների լուծման ուղղությամբ հետևողական աշխատանքը: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է համակարգային մոտեցման և միջգերատեսչական ակտիվ գործակցության անհրաժեշտությունը: Խորհրդակցության արդյունքներով Կառավարության ղեկավարը հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:

--00—ԶՀ