Ժողովրդավարությունը Հայաստանում այլևս անշրջելի է․ ԱԺ խոսնակը՝ ԵԽԽՎ զեկուցողներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

1

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 14-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլյա Լովոչկինային և Անդրեյ Շիրցելին: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը հաջողություն է մաղթել համազեկուցողներին իրենց առաքելության իրականացման գործում և հայտնել Ազգային ժողովի պատրաստակամությունն ակտիվորեն համագործակցել համազեկուցողների հետ:

Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը հետևողականորեն իրականացրել է իր անդամակցությամբ պայմանավորված պարտավորությունները՝ այս համատեքստում կարևորելով 2019-2022 թթ. գործողությունների ծրագրի հաջող ընթացքը:

«Անցյալ տարի տեղի ունեցած հեղափոխությունից հետո ժողովրդավարությունը Հայաստանում այլևս անշրջելիորեն հաստատված է: Ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու ազատությունները, թափանցիկությունը, հաշվետվողականությունը սոսկ բառեր չեն, այլ հիմնարար արժեքներ, որոնցով այսօր մեր հասարակությունը զարգանում է»,-ասել է Ազգային ժողովի նախագահը:

Նրա խոսքով՝ նշվածի լավագույն վկայությունն անցյալ տարվա դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններն են եղել:

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը դիտորդական առաքելություն իրականացնելու և հնչեցրած բարձր գնահատականի համար, ըստ որի ընտրությունները գնահատվել են ազատ, արդար, ժողովրդավարության չափանիշներին համապատասխան և ժողովրդի վստահությունը վայելող: Նա հավաստիացրել է, որ Հայաստանում հաջորդ բոլոր ընտրությունները լինելու են այդպիսին:

Յուլյա Լովոչկինան շնորհավորել է Հայաստանի քաղաքացիներին հաջող ընտրություններ անցկացնելու կապակցությամբ: ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի հայաստանյան հարցերով համազեկուցողները ՀՀ ԱԺ նախագահին են ուղղել իրենց հետաքրքրող հարցերը: Նրանք պատրաստակամություն են հայտնել խորացնելու կապերը Հայաստանի հետ, ընդլայնելու համագործակցությունը խորհրդարանական հարթակներում:

Հյուրերի խնդրանքով Արարատ Միրզոյանը ներկայացրել է խորհրդարանական աշխատանքի առաջնահերթությունները, օրենսդրության մշակման գործընթացները, անդրադարձել անցումային արդարադատությանը, ընտրական բարեփոխումներին, մեր երկրի իրականացրած հակակոռուպցիոն քաղաքականությանը՝ այս հարցում կարևորելով կառավարության և խորհրդարանի համագործակցված աշխատանքը: