Քոչարյանը 40 րոպե ներկայացրեց՝ ինչ է տեղի ունեցել փետրվարի 19-ից մարտի 2-ը․ Ալումյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

Քիչ առաջ ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ դատական նիստը։ Նիստից հետո Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը պատասխանեց լրագրողների հարցերին։

Պաշտպանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը մանրամասն ներկայացրեց՝ ինչ է տեղի ունեցել փետրվարի 19-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում։

«Այն, ինչ մենք հիմա բարձրաձայնել ենք, Ռոբերտ Քոչարյանը ներկայացրեց որպես առաջին դեմք, ու կարծում ենք, որ մեր ներկայացրած փաստարկները բավականին ծանրակշիռ են։ Քանի որ փոխվել է մեղադրանքը, փոխվել են նաև մեր փաստարկները։ Գումարվել է այն փաստարկը, որ արդեն նախաքննությունն ավարտվել է, ու քննիչը հայտարարել է, որ այլևս ապացույցներ չունի հավաքելու։ Դրանից հետևություն, որ եթե բոլոր ապացույցները հավաքված են, ապա գործին խոչընդոտելու հավանականությունը, որը մինչև այդ էլ չէինք տեսնում, համենայն դեպս հիմա հավասարեցված է զրոյի։ Ինչ վերաբերում է կաշառքի մեղադրանքին, դա բացարձակապես անհիմն է։ Սակայն դատարանը ինչ հետևություններ կանի, դա վաղը կտեսնենք»,-ասաց Հայկ Ալումյանը։

Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը՝ 15․00-ին։