50 դավաճան զինվորականների մասին Փաշինյանի հայտարարության տակ ծիծաղելի քրեական գործեր են. «Հրապարակ».

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

զինվորականների ձերբակալություններ

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ «2018 թվականից 2020 թվականն ավելի շատ զենք է բերվել, քան դրանից առաջ ամբողջ ժամանակահատվածում»,- հայտարարում է ՀՀ վարչապետը։ Իսկ ո՞րն է պատճառը, որ, ունենալով այդքան զենք, Հայաստանը պարտվեց՝ ինքն իրեն հարցնում է Փաշինյանն ու պատասխանում մամուլի վերջին ասուլիսում․ «Որովհետեւ մեր բանակում գործել է հինգերորդ շարասյուն»։ Մարդը, ում մի ամբողջ ժողովուրդ մեղադրում է դավաճանության համար, համոզված է, որ բանակում դավաճաններ են վխտում։ «50-ից ավելի զինծառայողներ մեղադրվում են լրտեսության, պետական դավաճանության մեջ։ Եթե մտածողներ կան, որ այդ մարդկանց գլխին գործ են սարքում, շատ վատ ա»,- ասում է վարչապետը։ Գիտի երեւի եւ գիտակցաբար էր ուղղորդում նախաքննությունը։ Իսկ այդ ուղղորդումների կարիքը, հավանաբար, կա, քանի որ դավաճանության մեջ մեղադրվողները մեկը մյուսի հետեւից ազատվում են, իսկ գործերը՝ դատարանում կարճվում։  

Անցյալ տարի, օրինակ, ԱԱԾ-ն աղմկեց, թե դավաճանության գործով 20 մեղադրյալ կա, 14-ը՝ կալանավորված։ Նրանց թվում էր գումարտակի հրամանատար Գարիկ Էլոյանը, որին 5 ամիս անիմաստ պահեցին կալանքի տակ։ Հետագայում նա պատմեց, թե ինչն է ԱԱԾ-ն լրտեսություն համարել։ Պարզվում է՝ մի կին է զանգահարել հրամանատարին, խնդրել՝ իր ծառայող որդուն փոխանցել, որ կապվի մոր հետ։ Էլոյանն էլ ճշտել է, որ այդպիսի զինվոր իր գումարտակում չի ծառայում։ ԱԱԾ-ն որոշել է, որ այդ կինը թշնամու հատուկ ծառայություններից է, ու 5 ամիս գործ էր քննում։ Էլոյանին ազատ արձակելուց կարճ ժամանակ անց կալանքից ազատվել էր նաեւ երկրորդ «պետական դավաճանը»՝ 42-ամյա պայմանագրային զինծառայող Դ․ Թովմասովը։ Նա ծառայում էր Արարատում, փորձառու զինվորական էր, փետրվարից մինչեւ հունիս կալանավորված է եղել, որից հետո ազատ է արձակվել՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Սրանից հետո զինծառայողը վիրավորվել է եւ թողել բանակային ծառայությունը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

--00—ՍՊ