Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժումը վերսկսվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

ապա

Երևանի քաղաքապետարանը վերսկսել է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքը: Բողոքի ակցիա Օպերայի հարակից տարածքում այս պահին չկա։

Ապամոնտաժման աշխատանքներն սկսվել էին մարտի 13-ին, մարտի 14-ին այդ աշխատանքներն ուղեկցվել էին սրճարանների աշխատակիցների բողոքի ակցիաներով, որի ժամանակ հրմշտոց և քաշքշուք է եղել ոստիկանների և ցուցարարների միջև։ Մարմնական վնասվածքներ էին ստացել ոստիկաններն ու ցուցարարները։ 41 մարդ բերման էր ենթարկվել, ապա ազատ արձակվել։  

Բողոքի ցույցերին և քաղաքացիների պահանջին Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել էր նաև քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հայտարարելով, որ սրճարանների ապամոնտաժումն էտապային աշխատանք է, Օպերայի տարածքից բոլոր սրճարանները պետք է դուրս գան։

«Սա էտապային աշխատանք է, պետք է ամեն ինչ անենք, որ վերականգնվեն այգիները, բայց չտուժեն տնտեսվարողները: Այդ ճանապարհը կա: Օպերայում նախատեսվում է, որ բոլոր սրճարանները պետք է դուրս գան»,- ասել էր Հայկ Մարությանը: 

Ազատության հրապարակին հարող հատվածում քաղաքի սեփականություն համարվող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանից տարվա սկզբին ծանուցում էին ստացել, որով առաջարկվում էր նրանց հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից: