«Թարգմանչական գործը կարևոր նշանակություն ունի»․ Արցախի ԱԺ նախագահն ուսանողների է ընդունել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

նկար

Այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է ԱրՊՀ «Թարգմանչական գործ» 4-րդ կուրսի ուսանողների հետ, ովքեր երկշաբաթյա փորձուսուցում են անցնելու խորհրդարանում:

Ողջունելով ուսանողներին՝ ԱԺ նախագահը նշել է, որ արդեն ավանդույթ է դարձել տարբեր մասնագիտություններով ուսանողների փորձուսուցման կազմակերպումը երկրի օրենսդիր մարմնում: Նա ընդգծել է «Թարգմանչական գործ» մասնագիտության կարևորությունն ու կիրառական նշանակությունը և հորդորել ուսանողներին ամենօրյա աշխատանքով կատարելագործել գիտելիքները:

Հանդիպման ընթացքում Արթուր Թովմասյանն ուսանողներին է ներկայացրել խորհրրդարանի կազմավորման պատմությունը, պետական կառավարման համակարգում օրենսդիր մարմնի դերը, խորհրդարանի առօրյա գործունեությունը և Սահմանադրությամբ Ազգային ժողովին վերապահված լիազորությունները:

Այնուհետև Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գարիկ Ժամհարյանը, ընդունելով ուսանողներին, ներկայացրել է օրենսդիր մարմնի կառուցվածքի, մշտական հանձնաժողովների և խմբակցությունների աշխատանքների, օրենսդրական գործընթացների և ԱԺ գործունեությունը կարգավորող իրավական ակտերի վերաբերյալ տեղեկություններ:

Հանդիպմանը ներկա էր փորձուսուցման խմբի ղեկավար Նարինե Մինասյանը:

նկար

--00—ԼՄ