Կրկին բարձր ամբիոնից ասվում է՝ հնարավորություն է եղել փրկելու մի քանի հազար զինվորի կյանք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

վահե

 

«Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը գրում է․ 

«Լավրովն ասում է. «Բոլորին հայտնի է, որ 2020-ին հնարավորություն կար՝ ավելի շուտ հասնել կրակի դադարեցմանը, բայց ես դա թողնում եմ պատմաբաններին»։

Բայց այս պահին դեռ 2023 թվականն է, և պատմաբաններն այստեղ առայժմ որևէ անելիք չունեն։ Մենք դեռևս վերացած ժողովուրդ կամ կորսված պետականություն չենք։ Հետևաբար՝ սա լրիվ ուրիշ, կենդանի արձագանք է ենթադրում։
Հայաստանում՝ ոչ մի արձագանք։ 
Լավրովը պարզ տեքստով ասում է, որ կար հազարավոր զոհերից խուսափելու հնարավորություն, հազարավոր վիրավորներ չունենալու հնարավորություն, տարածքային կորուստներն այսքան ահռելի չէին լինի, և նման անարժանապատիվ ու ստորացված վիճակում չէինք լինի։

Սա լսելով՝ հասարակությունը պետք է կորցներ հանգիստ առօրյայի իր ունակությունը։ Հասարակությունը պետք է արթնանար, պահանջատեր դառնար իր որդիների ու իր հայրենիքի նկատմամբ։ 

Ընդդիմադիր ձևաչափերը և իրենց լիդեր զգացողները պետք է արձագանքեին անմիջապես և խոսեին հասարակության հետ։ Խոսեին այն բառապաշարով ու անկեղծությամբ, որ ամեն նորմալ մարդու մեջ սարսուռ մտներ։ 

Հերթական անգամ բարձր ամբիոնից բարձրաձայն ասվում է, որ հնարավորություն է եղել՝ փրկելու մի քանի հազար զինվորի կյանք, և մենք դա չենք արել, իսկ մենք լսում ենք ու ցույց ենք տալիս, թե ոչինչ չի՞ եղել։

Ամեն մեկս մեր աշխատավայրում՝ դասախոս, բժիշկ, գրող, երաժիշտ, գործարար, իրավաբան, բոլորս, պիտի խելագարվեինք այդ մտքից, բայց մեզ վրա կարծես թե դա´ էլ այլևս չի ազդում։ 

Մենք արդեն բոլորս մտովի հանձնվել ենք պատմաբանների՞ն։ Մենք արդեն պատմությու՞ն ենք։ Մեր կենդանի կյանքն այլևս չունի՞ արժեք։ Հայաստանն արդեն պատմությու՞ն է։ Եթե ոչ, ուրեմն արձագանքեք։

Մեր պետության վերականգնումը սկսվելու է պարզ մարդկային որակների վերականգնումից։ Հանրային կոնսոլիդացիայի և լիդերության հայտ ներկայացնող ձևաչափերն ու անհատները նույնպես պիտի իրենց մեջ կարևորեն այդ որակները։ Վիրավոր երկրին այլ մոտեցում է պետք»։

--00—ՍՊ