Ադրբեջանցիները Ճարտարի ուղղությամբ հաճախակի են կրակում, չեն թողում այգիները մշակենք․ քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

ֆ

Ադրբեջանցիները հաճախակի են անկանոն կրակ բացում այգիներում աշխատողների վրա։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտարի քաղաքապետ Վլադիկ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այսօր քաղաքի «Կլազին ձոր» կոչվող տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցներին։

Հովհաննիսյանն ասաց, որ այսօր ադրբեջանական ԶՈՒ զինծառայողները կրակ էին բացել խաղողի այգիներում աշխատող մարդկանց վրա, ոչ ոք ֆիզիկապես չի տուժել։

Ըստ նրա՝ դեռևս նույն այդ տարածքում աշխատանքները ժամանակավորապես դադարեցված են, կրակոցների ժամանակ տարածքում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներ չեն եղել։

Ադրբեջանական դիրքերն այգիներից մոտ 5-8 հարյուր մետր հեռավորության վրա են տեղակայված։

Ավելի վաղ ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնել էր, որ առավոտյան Ճարտար քաղաքի վարչական տարածքի «Կլազին ձոր» կոչվող տեղամասի խաղողայգիներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս Ճարտարի 7 բնակիչ հայտնվել էր ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում: 44-օրյա պատերազմից հետո համայնքի հողատարածքների 70-80-% անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ