Հայաստանում արձանագրվել է կարմրուկի 3-րդ դեպքը․ կա ևս մեկ կասկածելի դեպք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 15, 24News

կարմրուկ

Հայաստանում մարտի 14-ին արձանագրվել է կարմրուկի լաբորատոր հաստատված երրորդ դեպքը` Հայաստան ժամանած Վրաստանի քաղաքացու մոտ, ով համաճարակաբանական կապ ունի մարտի 6-ին լաբորատոր հաստատված կարմրուկով հիվանդի հետ և վարակվել է սերտ շփումից: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Այս պահին կա ևս մեկ կասկածելի դեպք` Իրանի քաղաքացու մոտ, որը զբոսաշրջիկ է և ժամանել է Վրաստանից:

Նախարարությունը հայտնում է` հիվանդներն ունեցել են բավականին լայն շփման շրջանակ՝ հիվանդության կլինիկական ախտանշանների և բարձր վարակելիության շրջանում:

«Կրկին հորդորում ենք հանրապետության բոլոր քաղաքացիներին, ովքեր չունեն կարմրուկի դեմ երկու դեղաչափ պատվաստումներ կամ պատվաստումային կարգավիճակն անհայտ է, դիմել տեղամասային պոլիկլինիկաներ և պետական պատվերի շրջանակներում պատվաստվել կարմրուկի դեմ»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ: