Լաչինի փակ միջանցք, ԼՂ ճգնաժամ․ ԱԳՆ տեղակալը Բուենոս Այրեսում խոսել է իրավունքի խախտումներից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

նկար

Մարտի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել 2023թ. մարտի 20-ից 24-ը Բուենոս Այրեսում անցկացվող Մարդու իրավունքների 3-րդ համաշխարհային ֆորումի հատուկ քննարկումներում, որոնք նվիրված էին մարդու իրավունքների և ժողովրդավարության ապագայի հարցերին։

ԱԳ նախարարի տեղակալ Գևորգյանն անդրադարձել է ժողովրդավարության ազգային, տարածաշրջանային և գլոբալ խնդիրներին՝ շեշտելով դրանց փոխազդեցության կարևորությունը։ Ներկայացվել են Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունքում մարդու իրավունքների և ժողովրդավարական հաստատությունների խթանման և զարգացման գործընթացները, որոնք այսօր էլ ձևավորում են Կառավարության օրակարգի առաջնահերթությունները։

Կարևորվել է Հայաստանի ակտիվ աշխատանքը տարածաշրջանային ձևաչափերում՝ ուղղված մարդու իրավունքների և ժողովրդավարության միասնական չափանիշների պահպանմանը։ Շեշտվել է խաղաղության, անվտանգության և մարդու իրավունքների խնդիրների փոխկապակցվածությունը։

Անդրադառնալով տարածաշրջանի առաջ ծառացած մարտահրավերներին՝ Վահե Գևորգյանը նշել է, որ խաղաղության իրավունքը և կյանքի իրավունքը թ՛ե անհատական, թ՛ե հավաքական իրավունքներ են։ Այդուհանդերձ Ադրբեջանը հացականի տակ է դնում մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումները՝ պնդելով, որ «ուժն է ծնում իրավունք», հետևաբար՝ միջազգային հարաբերություններում հղման կետը ոչ թե մարդու իրավունքներն են, այլ՝ ուժը։ Ներկայացվել են նման վարքագծի աղետալի հումանիտար հետևանքները, որոնք իրենց արտացոլումն են գտել 2020 թ․-ին Լեռնային Ղարաբաղի պատերազմում, ինչպես նաև Հայաստանի տարածքի նկատմամբ վերջին ագրեսիայի ընթացքում։ Անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմանը և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։ Այս համատեքստում կարևորվել է Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի վճռի անվերապահ և շուտափույթ իրականացման հրամայականը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունն աշխատել համակարծիք երկրների հետ կանխարգելման օրակարգի շուրջ։ Շեշտվել է, որ ցեղասպանությունների կանխարգելումը Հայաստանի կարևորագույն առաջնայնություններից է միջազգային օրակարգում՝ ուղղված հիշողության և տարածաշրջանի ժողովուրդների խաղաղ և արժանապատիվ համակեցության ապահովմանը։

--00—ԼՄ