Ռուսաստանը և Բելառուսը չեն մասնակցի Հայաստանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

նկար

Ռուս և բելառուս ծանրորդները չեն ընդգրկվել ապրիլի 15-23-ը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության մասնակիցների վերջնական հայտացուցակում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայից (EWF):

Նման որոշում կայացրել է ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան, որը 2022 թ․ մարտից անորոշ ժամանակով զրկել է Ռուսաստանի և Բելառուսի ծանրորդներին միջազգային մրցումների մասնակցելու իրավունքից՝ կապված ռուս-ուկրաինական ռազմական ընդհարման հետ:

Հայաստանում կայանալիք եվրոպական առաջնությանը նախատեսվում է 40 երկրի ծանրորդների մասնակցություն:

Եվրոպայի 2023 թվականի առաջնության մասնակիցների նախնական ցուցակում ընդգրկվել է 38 ռուս և 27 բելոռուս ծանրորդ (տղամարդիկ և կանայք), այդ թվում՝ պահեստայիններ:

Եվրոպայի առաջիկա առաջնությունը նաև օլիմպիական վարկանիշային է, ինչը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել այդ երկրների ծանրորդների համար, քանի որ ՄՕԿ-ի կանոնակարգով Փարիզի օլիմպիադա գնալու համար ծանրորդները պետք է մասնակցեն նվազագույնը 5 խոշոր մրցաշարների:

--00—ԼՄ