Նարեկ Սամսոնյանը հերքել է 2020 թվականին Նիկոլ Փաշինյանի դստեր մասին արած հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը հերքել է 2020 թվականին Նիկոլ Փաշինյանի դստեր մասին արած հայտարարությունը: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում․

«Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք փաշինյան ընտանիքն իր ողջ կազմով իմ դեմ տարբեր դատական հայցեր է ներկայացրել (անչափ շնորհակալ եմ) և դրանցից մեկն առնչվում էր իրենց անչափահաս դստերը: Աննան ու նիկոլը՝ առանց ամաչելու, առանց վատ զգալու իրենց անչափահաս դստերը որպես վահան օգտագործել են իրենց քաղաքական հակառակորդի դեմ: Այս գործի պատճառով հետապնդումների ենթարկվեց և աշխատանքից հեռացվեց դատավոր Զարուհի Նախշքարյանը, քանի որ նա ընդդեմ փաշինյանների վճիռ էր կայացրել: Դատավոր Նախշքարյանին հեռացնելուց հետո փաշինանների ընտանիքը գտավ իրենց հլու հնազանդ դատավոր և ստացավ իրենց ուզած վճիռը:

Քանի որ չենք ցանկանում հերթական դատավորի հետապնդման առիթ դառնալ, իսկ քաղաքական հակառակորդի աղջիկ երեխայի հետ կռիվը անպատվաբեր է մեզ համար, ուստի որոշել ենք չբողոքարկել վճիռն ու հրապարակել դատարանի կողմից պարտադրված, ինչն էլ կանեմ գրառմանս վերջին հատվածում: Այսօր նաև 78.000 դրամի փոխհատուցում պետք է տայի նիկոլ և աննա փաշինյաններին, բայց առավոտից մինչ այս պահը նիկոլն ու աննան իրանց հաշվեհամարը չեն ուղարկել և առիթից օգտվելով նորից հիշեցնում եմ նիկոլին իր հաշվեհամարը փաստաբանի միջոցով մեզ տրամադրելու մասին:

Դատարանի կողմից պարտադրված տեքստը ստորև`

«Ես՝ Նարեկ Սամսոնյանս հրապարակային հերքում եմ իմ 26/01/2020թ-ին, երեկոյան ժամը 8:15 րոպեին կատարված հետևյալ` «Ուրեմն «գրիչի գնից ապշած» Վարչապետի միջնեկ աղջիկը, հոր` վարչապետ դառնալուց հետո շատ շատ ա հավանել սև իկռան: (...) երևանյան ռեստորաններից մեկից (ռեստորանի անունը հատուկ չեմ տալիս դեռ) հաճախակի 1 կիլոգրամը 3 հազար դոլարով մեր «սուրբ» Նիկոլը երեխու համար իկռա ա առնում: Տենց 2019-ի դեկտեմբերի սկզբին հերթական 3.000 դոլարանոց ուտելիքն են առնում ու ամսվա վերջում երեխեն էդ մի կիլոյի գլուխը կերած ա լինում: (...) Նա մարդ ա, որի երեխեն կիլոն 3000 դոլարի սև իկռայա ուտում ամիսը 2 կիլոյի չափ ու ինքն «ապշում» ա 500$-ից» արտահայտությունները, դրանք չեն համապատասխանում իրականությանը»»,- գրել է Սամսոնյանը:

--00—ՍՊ