Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի դեսպանը կարևորել են տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

35402_b

Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։

Վարչապետը շնորհավորել է վրաց դիվանագետին՝ առաքելության մեկնարկի առթիվ և համոզմունք հայտնել, որ նա իր գործունեությամբ կխթանի հայ-վրացական փոխհարաբերությունների հետագա զարգացումը:

Գոհունակություն հայտնելով Հայաստան-Վրաստան համագործակցության ընթացքից՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է տնտեսական կապերի առավել ընդլայնումը և առկա ներուժի լիարժեք իրացմանն ուղղված նախաձեռնությունները:

Վրաստանի նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար և հավաստիացրել, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը՝ ի նպաստ հայ-վրացական կապերի առավել սերտացման:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների շուրջ, անդրադարձել առևտրատնտեսական օրակարգին: Այս համատեքստում կարևորվել են գործարար շրջանակների միջև ակտիվ շփումները, փոխայցերը, ներդրումային ծրագրերում ներգրավվումը:

Հումանիտար կապերի ամրապնդման առումով նշվել է Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին երկկողմ համաձայնագրի ստորագրման կարևորությունը:

Երկուստեք կարևորվել է տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը:

--00—ՅՄ