Գյումրու խնդիրներն ու դրանց առանձնահատկությունները. հարցազրույց` «Ապրելու երկրի» ավագանու անդամի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

karen
24News-ը համայնքային հարցերի, դրանց հնարավոր լուծման շուրջ զրուցել է Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանի հետ։ 
Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

-Պարոն Մալխասյան, այժմ ինչպիսի՞ իրավիճակ է Գյումրու Ճերմակ հիվանդանոցի շուրջ։ Այն օտարելու օրինագծի ընդունումից և աճուրդի դրվելուց հետո արդեն հայտնվե՞լ են գնորդներ, ի՞նչ է անում քաղաքային իշխանությունն այս խնդրի կարգավորման շուրջ։ Դուք, որպես ընդդիմություն, ի՞նչ քայլեր եք նախատեսում կատարել նշված հարցի մասով։ 

-Ինչպես հայտնի է՝ Գյումրու ավագանին ընդունել է որոշում տեղական նշանակության հուշարձան-շենքն աճուրդով օտարելու վերաբերյալ։ Մենք ի սկզբանե նշել ենք, որ որոշումը չի բխում համայնքի բարօրությունից և շահից։ Քանի որ դեռևս 2022թ․ մայիսին համայնքապետարան էին դիմել երեք կազմակերպություն, որոնք խնդրում էին շենքը տրամադրել վարձակալությամբ և պատրաստ էին կատարել մինչև մեկ միլիարդ դրամի ներդրում, այսինքն՝ մոտավորապես այնքան, որքան որ սահմանվել է օտարելու նախնական գինը։ Դեռ ավելին, ներկայացված կազմակերպություններից երկուսն իրականացնելու էին առողջապահական գործունեություն, որի արդյունքում կշարունակվեր այդ շենքի՝ որպես հիվանդանոցի 100-ամյա պատմությունը։ Բնակիչների արձագանքն օտարելու հետ կապված նույնպես բացասական է, քննարկում չի կազմակերպվել։ Ներկա փուլում համայնքապետարանի կողմից աճուրդ-վաճառքի վերաբերյալ հայտարարություն դեռևս չի հրապարակվել։ Եվ մենք՝ որպես ընդդիմություն, որպես ավագանու անդամ և վերջապես որպես գյումրեցի, ձեռնարկել ենք մի շարք միջոցառումներ, այդ թվում կատարվել է ոլորտը կարգավորող իրավական ակտերի լուրջ մասնագիտական վերլուծություն, որի արդյունքում ևս մեկ անգամ հիմնավորվում են մեր մտահոգություններն ու նկատառումները։ Մասնագիտական խմբի հիմնավորումները ներկայացվել են պետական վերահսկողություն իրականացնող մարմնին՝ ԿԳՄՍ նախարարությանը։ Նշեմ, որ նախարարությունը մեր սկզբնական հարցմանը պատասխանել էր, որ լիազոր մարմինը տեղյակ չէ հուշարձան-շենքն օտարելու որոշումից և դիմել է համայնքի ղեկավարին պարզաբանում ստանալու պահանջով։ Մասնագիտական խմբի հիմնավորումները ներկայացվել են նաև Գյումրի համայնքի ղեկավարին և առաջարկվել է զերծ մնալ հուշարձան-շենքը վաճառելուց։ Ներկայումս սպասում ենք լիազոր մարմնի դիրքորոշմանը, որը էական նշանակություն կունենա հարցի հետագա ընթացքը որոշելու համար։

-Գյումրի համայնքում ի՞նչ խնդիրներ կան, որոնք դեռեւս չեն լուծվում, ի՞նչ քայլեր եք նախաձեռնելուդրանց լուծումներն ապահովելու համար։ 

-Ցանկացած համայնքում, այդ թվում Գյումրիում, իհարկե, առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ են և՛ նվիրվածություն, և՛ ժամանակ, և՛ ռեսուրսներ։ Սակայն Գյումրին նույնիսկ իր խնդիրներով է առանձնահատուկ, որը պայմանավորված է բնակչության թվաքանակով, երկրաշարժի հետևանքների, գործազրկության բարձր մակարդակի և սոցիալ-տնտեսական այլ խնդիրներով։ Չլուծված խնդիրներից առաջնահերթ են տնակների, աշխատատեղերի, փողոցաշինության, տրանսպորտի և լուսավորության, վթարային շենքերի, թափառող շների և նմանատիպ բազմաթիվ հարցերը։ Տեսեք, ավելի պատկերավոր լինելու համար բերեմ կոնկրետ օրինակներ։ Ներկա պահին տարվում են փողոցաշինության, լուսավորության, տրանսպորտի որոշակի արդիականացման, թափառող շների ստերջացման աշխատանքներ, սակայն, ըստ էության, առկա խնդիրները լիարժեք չեն լուծվում, որն իր հերթին առաջացնում է հավելյալ խնդիր։ Օրինակ՝ Անի թաղամասում փողոցների շինարարական աշխատանքները ձգձգվում են օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, բայց բնակչին չի հետաքրքրում ձգձգման պատճառները։ Ըստ իս՝ պատճառը ճիշտ պլանավորելու, կազմակերպելու և կառավարելու մեջ է։ Կատարվում են շների ստերջացման աշխատանքներ, սակայն բնակիչները չեն տեսնում և զգում կատարված աշխատանքի էֆեկտիվությունը և արդյունքը։ Գտնում եմ, որ ցանկացած խնդիր կարելի է լուծել ճիշտ պլանավորելու և կառավարելու արդյունքում։

-Գյումրիում ո՞ր ոլորտների առաջնահերթ զարգացումը կարող է համայնքի, բնակչության բարօրության, աշխատատեղերի ստեղծման խնդիրները լուծել։ Ի՞նչ ծրագրեր եք նախատեսում ու հնարավոր համարում իրականացնել այս խնդիրների լուծման համար։ 

-Ինչպես գիտեք, Գյումրին խորհրդային կառավարման ժամանակաշրջանում հայտի էր որպես արդյունաբերական, սպորտի և մշակույթի, արվեստի և արհեստի քաղաք։ Կախված որոշակի հանգամանքներից՝ ներկա պահին շեշտը դրվել է զբոսաշրջության վրա։ Բայց միայն զբոսաշրջությունը բավարար չէ համայնքի զարգացման համար։ Որոշակի քայլեր կան թեթև արդյունաբերության ոլորտում, որին պետք է աջակցել և խթանել, որ այն զարգանա։ Համայնքի բարօրության և զարգացման, աշխատատեղերի ստեղծման համար միանշանակ անհրաժեշտ է օգնել, ստեղծել այնպիսի միջավայր, որ զարգանան արդյունաբերությունը, սպորտի, մշակույթի, արվեստի և արհեստի բնագավառները։

-Տուրիզմի, տնտեսական զարգացման առումով ի՞նչ հնարավորություններ կան Գյումրիում՝ հաշվի առնելով նաև համայնքի ճարտարապետությունը, կոլորիտը։

-Գյումրու պոտենցիալը շատ մեծ է։ Եվ մենք մեր նախընտրական ծրագրում նշել էինք, որ օգտագործելով և զարգացնելով այդ պոտենցիալը՝ Գյումրին պետք է դառնա այնպիսի քաղաք, որ մարդիկ Հայաստան այցելեն հենց Գյումրին տեսնելու համար։ Եվ խնդրի լուծման լավագույն գրավականներից մեկը հանդիսանալու է մասնավոր-համայնք-պետություն համագործակցությունը, որի վառ օրինակ է վերակառուցվող Բարեկամության այգին, որն իր կոնցեպտով չունի նախադեպը Հայաստանի Հանրապետությունում։

Սերգեյ Առաքելյան

--00—ՍՊ