ՌԴ խաղաղապահները շարունակում են բանակցել ադրբեջանցիների հետ, որ վերադառնան ելման դիրքեր

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

1

Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության ղեկավարությունը շարունակում է բանակցություններ վարել ադրբեջանական կողմի հետ՝ նրանց զորքերը ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը՝ անդրադառնալով մարտի 25-ին Ադրբեջանի կողմից Շուշի-Լիսագոր հատվածում շփման գիծը խախտելու եւ դիրքային առաջխաղացում ապահովելու խնդրին։

Հարությունյանն ասաց, որ արցախյան կողմից որևէ ներկայացուցիչ ներգարվված չէ այս թեմայով բանակցություններին։ Ինչ վերաբերում է բանակցությունների վերաբերյալ դրական ակնկալիքներին՝ հաշվի առնելով այսօր առավոտյան ժամը 9։00֊ի սահմաններում ադրբեջանական զինուժի առաջխաղացման նոր փորձը, ապա իշխանական պատգամավորն ասաց, որ արդյունքներից պարզ կլինի։

Մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում Ադրբեջանի զինված ուժերը խախտել են շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում:

Մարտի 27֊ին` ժամը 9։00֊ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ֊Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ։ Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ