Ընդդիմությունից բողոքում են, թե մարդկանց հանել ենք փողոց ու ջլատել ենք, թող իրենք ավելի լավ գործեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

Անցյալ տարի այս օրերին ընդդիմությունը փողոցային պայքարի բավականին լայնածավալ աշխատանքներ կատարեց: Այս պահին փողոցային պայքար չկա, բայց, իբրև ընդդիմություն, մեծապես կարևորում ենք պայքարը, պետք է ցույց տանք, որ Փաշինյանը չունի մանդատ ժողովրդին նոր կապիտուլյացիայի տանելու համար, նա ընտրություններին խաբել է, խոսել է ինքնորոշման իրավունքից, հիմա ամբողջապես մերժում է: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով հարցին, թե ընդդիմությունը Խաղաղության պայմանագիրը համարու՞մ է երկրորդ կապիտուլյացիա, ի՞նչ են պատրաստվում անել այն կանխելու համար, արդյոք վերսկսելու՞ են փողոցային պայքարը:

Սաղաթելյանի խոսքով, այս ուղղությամբ հստակ կազմակերպչական աշխատանքներ են տարվում,առնվազն՝ ՀՅԴ-ի ռեսուրսներով: Հարցին, թե մյուս ընդդիմադիր ճյուղերը ի՞նչ կարծիք ունեն պայքարելու հարցի վերաբերյալ, Սաղաթելյանը նշեց. «Կարծում եմ, ընդդիմադիր դաշտում այն գիտակցությունը կա, որ պայքարով հաջողության հասնելու համար մեկ ուժն ու անհատը բավարար չեն, ուժերը համախմբելու կարիք կա, գործնականում ի՞նչ նոր ֆորմատ կլինի, ժամանակը ցույց կտա: Ընդդիմությունը ցույց է տվել, որ անհրաժեշտության դեպքում կարողանում է համախմբվել»:

Դիտարկմանը, թե նախորդ անգամ չհաջողեցիք, հիմա չկա՞ վախ, որ դուրս գաք պայքարի, կրկին կարող է չհաջողեք, Սաղաթելյանը նկատեց՝ «Անցյալ տարի այս օրերին մարդիկ հիասթափված էին, որ իշխանությունը իր օրակարգը առաջ կտանի, բայց երբ հայտարարեցինք առաջին հանրահավաքի մասին, մայիսի մեկին փաստվեց, որ սխալ էին այն տեսակետները որ մարդիկ դուրս չեն գա: Ով ինչ ուզում է՝ գնահատի, ես չեմ կարծում, որ պայքարը եղել է ձախողված, կարևոր արձանագրումներ են արվել, այո,վերջնական նպատակին անցյալ տարի չկարողացանք հասնել, քանի որ հասանք մի կետի, որտեղ մեր ուժերը չբավականացրեց վերջնական արդյունքներ արձանագրելու համար, պետք է սխալները հասկանանք և գնանք առաջ»,-ավելացրեց Սաղաթելյանը:

Հարցին, թե կարծում եք մարդիկ նորից կհավաքվե՞ն, քանի որ շատերն ասում են, որ մարդկանց հանեցիք փողոց և ջլատեցիք պայքարելու ուժերը, Սաղաթելյանը նշեց, որ մարդկանց ջլատում են դա ասողները, մարզերում կայացած իր հանդիպումների ժամանակ չի երևում, որ մարդիկ հիասթափված ու ջլատված են: «Ովքեր մեղադրում են մեզ, որ ժողովրդին հանել ենք փողոց, ջլատել ենք, հիմա հարց եմ տալիս՝ ինչքա՞ն ժամանակ է ոչինչ չենք անում, լա՞վ է այս վիճակը, լա՞վ է,որ Արցախը երեք ամիս շրջափակված է և որևէ մեկը ոչինչ չի անում, դա ի՞նչ ուղերձ է աշխարհին: Մենք չենք վախենում, որ կարող է չստացվել, ու կդառնանք քննադատության թիրախ, կա խնդիր, գնալու ենք դա լուծելու: Այն ընդդիմադիր ուժը, որ բողոքում է ու գիշեր-ցերեկ մեզ վարկաբեկում, թող ավելի լավը անի, մենք էլ կգնանք և կօգնենք»,- ավելացրեց նա:

Անդրադառնալով հարցին, թե տեղեկություններ կան, որ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է քաղաքականությունից հեռանալ, վերջին շրջանում բավականին պասիվ է, ե՞րբ եք իր հետ հանդիպել, նման որոշում կա՞ արդյոք, Սաղաթելյանը ասաց, որ ինքը պարբերաբար հանդիպում է Քոչարյանին, տպավորություն չունի, որ նա ցանկանում է քաղաքականությունից հեռանալ: Դիտարկմանը, թե իշխանությունը կանխատեսում է, որ «Հայաստան դաշինքը» կկազմալուծվի, Սաղաթելյանը նշեց, որ այս պահին նման խնդիր չի տեսնում, իսկ ինչ կլինի ապագայում՝ կյանքը ու ժամանակը ցույց կտա, կարծում է, որ ընդդիմությունը համախմբման պետք է գնա և ոչ թե պառակտման:

Մանրամասները տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ