Էրդողանը Ստամբուլի վերափոխելու ծրագիր ունի, այն ներառվել է իր նախընտրական ծրագրում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 14-ին կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ սկսել է մանրամասնություններ հայտնել «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախընտրական ծրագրի վերաբերյալ, գրում է ermenihaber.am-ը։

Թուրքական իշխանամետ «Sabah» կայքի հայտնած տեղեկության համաձայն՝ Էրդողանը նախատեսում է այցելություններ երկրի տարբեր նահանգներ, այդ թվում՝ աղետի գոտի։ Հանդիպումներ կունենա քաղաքացիների հետ։

Նշվում է, որ իշխանությունը պլանավորում է հսկայական նախագծեր իրականացնել՝ Սև ծովի բնական գազից մինչև «Անադոլու» դեսանտային նավ, «Քըզըլ էլմայից» (Baykar ընկերությանը պատկանող ԱԹՍ-խմբ․) մինչև արագընթաց գնացքի գծերի կառուցում: Ընտրական ծրագրի ամենակարևոր մասը կազմելու են երկրաշարժի գոտուն վերաբերող նախագծերը։ Թուրքիայի յուրաքանչյուր նահանգում նախատեսվում է սկսել ուժեղ քաղաքային վերափոխում: Քայլեր կձեռնարկվեն քաղաքներն առավել դիմակայուն դարձնելու համար։ Յուրաքանչյուր նահանգի համար կտրվի հատուկ պլան:

Ընդգծվել է, որ Ստամբուլի վերափոխման համար նույնպես հատուկ ծրագիր է պատրաստվում։ Նախընտրական ծրագրի կարևոր ուղղություններից մեկը լինելու է տնտեսությունը։ Հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող զարգացումները՝ «Տնտեսության նոր մոդելը» կթարմացվի՝ դառնալով «Կրեատիվ տնտեսական մոդել»։ Նախընտրական ծրագրում մանրամասնորեն ներառվելու են նաև կանանց իրավունքները։