Արցախում ներքաղաքական զարգացումներ չեն լինի․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

արցախի աժ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախում հնարավոր ներքաղաքական գործընթացները կանգ կառնեն: Բանն այն է, որ մարտի 23-ին Արցախի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Սահմանադրության փոփոխության նախագիծը: Այն վերաբերում էր ռազմական դրության ժամանակ հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում խորհրդարանի կողմից երկրի նախագահի ընտրության եւ դրա առանձնահատկությունների վերաբերյալ հարցերին: Այժմ՝ խորհրդարանի կողմից այն ընդունելուց հետո, նախագիծն արդեն ուղարկվել է Արցախի գերագույն դատարան: Հենց այս կառույցը պետք է որոշի, թե որքանով է այս փոփոխությունը համապատասխանում Արցախի Սահմանադրությանը։

Օրենքը սահմանում է, որ Արցախի գերագույն դատարանը կարող է այս հարցը քննել եւ որոշում կայացնել 10 օրից մինչեւ վեց ամիս ժամկետում: Սա նշանակում է, որ առաջիկայում, մինչեւ դատարանը որոշում կկայացնի, Արցախի նախագահի փոփոխություն չի լինի: Հնարավոր է, որ Արցախի գերագույն դատարանը հարցը նաեւ արագ քննի, ու որոշում կայացվի, սակայն, ամեն դեպքում, մինչ այդ որոշումը ներքաղաքական իրադարձություններ Արցախում տեղի ունենալ չեն կարող»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ