Զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման համար բուհերի և մասնագիտությունների ցանկը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

1107057

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման համար բուհերի եւ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը, տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ից։

Այս պահին ընտրվել է 5 բուհ՝ Երեւանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Ռուս-հայկական համալսարան, Հայաստանում ամերիկյան համալսարան եւ Հայաստանում ֆրանսիական համալսարան, որոնք կրթություն են կազմակերպում ԲՏՃՄ ուղղություններով:

Ստորեւ վերոնշյալ համապատասխան մասնագիտությունների ցանկը՝

Երեւանի պետական համալսարան-Բակալավր՝ ֆիզիկա, միջուկային ռեակտորների ֆիզիկա, նանոֆիզիկա եւ առաջատար տեխնոլոգիաներ, երկակի նշանակության տեխնոլոգիաների ֆիզիկա, ռադիոֆիզիկա, քիմիա: Մագիստրատուրա՝ տեսական ֆիզիկա, միջուկային ֆիզիկա եւ ատոմային էներգետիկա, աստղաֆիզիկա, ռադիոֆիզիկա, էլեկտրադինամիկական պրոցեսների համակարգչային մոդելավորում եւ նմանակում, քիմիա: Ասպիրանտուրա՝ տեսական ֆիզիկա, ռադիոֆիզիկա, կիսահաղորդիչների ֆիզիկա, անօրգանական քիմիա, կենսաքիմիա:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան- Բակալավր՝ ատոմային էներգետիկա, հեռահաղորդակցություն եւ ազդանշանների մշակում, մեքենաշինություն եւ նյութերի մշակում, ավիացիոն եւ հրթիռային տեխնիկա, թռչող ապարատների ավիացիոն սարքավորումներ: Մագիստրատուրա՝ ատոմային էներգետիկա, այլընտրանքային էներգետիկա, հեռահաղորդակցություն, մեքենաշինություն եւ նյութերի մշակում, ավիացիոն եւ հրթիռային տեխնիկա: Ասպիրանտուրա՝ օրգանական նյութերի սինթեզի եւ վերամշակման տեխնոլոգիա:

Հայ-ռուսական համալսարան- Մագիստրատուրա՝ այլընտրանքային էներգետիկա: Ասպիրանտուրա՝ օրգանական քիմիա, կենսաֆիզիկա, կենսաինֆորմատիկա, ռադիոտեխնիկա, ռադիոհաճախականային սարքավորումներ, համակարգեր, տեխնոլոգիաներ:

Հայաստանի Ամերիկյան համալսարան- Մագիստրատուրա՝ արդյունաբերական ճարտարագիտություն:

Հայաստանում ֆրանսիական համալսարան- Մագիստրատուրա՝ արհեստական բանականությամբ համակարգեր:

--00—ՅՄ