Ձերբակալվել է 5 անձ․ ՔԿ-ն՝ «Queen Music Hall» ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

width

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում պարզվում են սույն թվականի մարտի 29-ի գիշերը «Queen Music Hall» ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքի հանգամանքները։  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։

29.03.2023թ-ին՝ ժամը 04։12-ին, ՀՀ ոստիկանություն քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ հանդիսանում է պետական պաշտոնյա, իր նկատմամբ կատարվել է հարձակում, որի արդյունքում ստացել է վնասվածք։

Դեպքի վայր հանդիսացող՝ Բաղրամյան փողոցում  գործող «Queen Music Hall» ակումբում կատարված առաջնային գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 02։30-ի սահմաններում, Ոստիկանություն ահազանգած անձը երկու ընկերների հետ մտել է նշված ակումբ։ Որոշ ժամանակ անց ակումբի անվտանգության աշխատակիցը մոտեցել է նրանց սեղանին և նկատողություն արել ակումբի աշխատակցի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու առթիվ։

Այդ կապակցությամբ նրանց միջև ծավալված խոսակցությունը վերածվել է վիճաբանության, այնուհետև ծեծկռտուքի, որին մասնակցել են ակումբի 2 այլ աշխատակիցներ ևս։ Արդյունքում Ոստիկանություն ահազանգած անձը դեմքի շրջանում ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։    

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, ինչպես նաև անհետաձգելի այլ քննչական գործողություններ, միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունները պարզվել են։ Անձի ստացած վնասվածքների առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Միջադեպին մասնակից 5 անձ ձերբակալվել է առերևույթ հանցանք կատարելու մեջ հիմնավոր կասկածի հիման վրա։

Նկատի ունենալով իրականացվելիք քննչական գործողությունների  մեծածավալությունը`  նախաքննության լրիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նպատակով ձևավորվել է քննչական խումբ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցները՝ կատարվածի հանգամանքները լիարժեք պարզելու, միջադեպին մասնակից բոլոր անձանց արարքներն անհատականացնելու և դրանց իրավական գնահատական տալու նպատակով։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ