Գրիգոր Մինասյանը ծանոթացել է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի շինարարական աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

news_8009784518665_IMG_1232_

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ծանոթացել է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի հիմնանորոգման աշխատանքներին: Դատավորներին պատշաճ աշխատանքային պայմաններով ապահովելու նպատակով՝ ներկայումս Աջափնյակ համայնքի Արա Սարգսյան 5/1 հասցեում իրականացվում են դատարանի շենքի հիմնանորոգման աշխատանքներ: Այս մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից։

Նախարարը տեղեկացվել է, որ աշխատանքներն իրականացվում են շինարարական բոլոր նորմերի խստիվ պահպանմամբ: Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու համար շենքը հագեցած է լինելու ժամանակակից սարքավորումներով, կահավորված՝ միջազգային ստանդարտներին համապատասխան:

Վերանորոգված շենքում կտեղակայվի Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը՝ 12 դատավորների թվակազմով, նախատեսվում է ունենալ նաև դատական նիստերի համար նախատեսված 4 դահլիճ:

Հաշվի առնելով, որ շինարարական աշխատանքներն ավարտվելու են 2023 թվականին, իսկ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծման վերաբերյալ նորմերը ուժի մեջ էին մտնելու 2024 թվականի հունվարի 1-ից՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություներ կատարել նաև 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-575-Ն սահմանադրական օրենքում, որով նախատեվում է, որ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծման վերաբերյալ նորմերն օրենսդրական փոփոխություներով ուժի մեջ են մտնելու 2023 թվականին:

--00—ՅՄ