Այնքան փաստեր դնեմ սեղանին՝ սկսեն մտածել․ Հոխիկյանի արձագանքը՝ ԲԴԽ հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

հոխիկյան

«Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) հանդես է եկել հայտարարությամբ՝ առերևույթ դուրս գալով սեփական իրավասությունների ոլորտից ու գնահատական տալով դատավորի մասին իմ՝ Նաիրի Հոխիկյանի հայտարարությանը, այնինչ դրա վերջնական գնահատական տվողը միայն իրավասու դատարանն է»: Այդ մասին տելեգրամյան իր էջում գրում է լրագրող, փորձագետ Նաիրի Հոխիկյանը։

ԲԴԽ-ն, ըստ Հոխիկյանի, միաժամանակ առերևույթ փորձում է ցուցում տալ Քննչական կոմիտեին՝ քրեական գործ հարուցել իմ նկատմամբ՝ իբրև թե դատավորին վիրավորելու համար։ Մինչդեռ ամբողջ դատական գործընթացի ժամանակ պարզ էր, որ տեղի է ունենում ապօրինություն, և այդ մասին ես բազմիցս եմ հայտարարել, ինչը հաստատվեց դատավոր Էդգար Հովհաննիսյանի կայացրած կողմնակալ ակտով։ 

Խնդրեմ, կսպասեմ Քննչական կոմիտեի արձագանքին։ Այնքան փաստեր դնեմ սեղաններին, որ իրենք սկսեն մտածել, թե ինչպես նոր պաշտպանություն գտնեն իրենց դատավորի համար։ 

Զավեշտալի է, որ ԲԴԽ-ի հայտարարությանը շտապել է հրապարակային լայք դնել արդարադատության նախարարը։ 

Հրաշալի համագործակցություն է օրենքով իրար հետ որևէ կապ չունեցող արդարադատության ու ԲԴԽ ղեկավարության միջև։ Տեսնես ինչի՞ց է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԲԴԽ-ն հայտարարություն էր տարածել՝ համաձայն որի՝ լրագրող Նաիրի Հոխիկյանը դատարանի նկատմամբ դրսևորել է անհարգալից վերաբերմունք։

--00—ՍՊ