ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ՄԱԿ-ի կողմից պարգևատրվել է մեդալով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

նկար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է Միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) նորանշանակ ղեկավար Օլեգ Ստորչեվոյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՄԱԿ-ի ղեկավարի տեղակալ Սերգեյ Զայկոյը և ՄԱԿ-ի թռիչքային անվտանգության հարցերով ղեկավար Սերոբ Կարապետյանը։

Արմեն Սիմոնյանը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել ՄԱԿ-ի և Հայաստանի միջև սերտ համագործակցությունը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ-ում քաղաքացիական ավիացիայի ոլորտի առանձնահատկությունները և առկա խնդիրները։

ՄԱԿ-ի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։ Օլեգ Ստորչեվոյը ներկայացրել է կոմիտեի հիմնական գործառույթները և հայկական կողմին փոխանցել նոր համաձայնագրի նախագիծը, որը կուսումնասիրեն համապատասխան մասնագետները և կներկայացնեն ստորագրման։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցությանը և ոլորտին առնչվող այնպիսի հարցեր, ինչպիսիք են կոմիտեի բարձր որակավորում ստացած մասնագետների փորձի փոխանակումը և հայ գործընկերի վերապատրաստումը, ապրիլի 26-ից ուժի մեջ մտնող կոմիտեի նոր կառուցվածքային փոփոխությունները, ավիաընկերությունների հետ համագործակցության հեռանկարները և այլն։

Հանդիպման ավարտին Արմեն Սիմոնյանը ՄԱԿ-ի կողմից պարգևատրվել է մեդալով։

--00—ԼՄ