Գրիգորի Մինասյանը և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով պաշտոնյան քննարկել են ապաստանի տրամադրման հարցերը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

նկար

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի նորանշանակ ներկայացուցիչ Կավիտա Բելանիին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում փախստականների իրավական պաշտպանության, ապաստանի տրամադրման և համապատասխան դատական գործերի քննության վերաբերյալ հարցեր։

Կողմերը կարևորել են արդարադատության ոլորտի ընթացիկ բոլոր բարեփոխումներում փախստականներին և ապաստան հայցողներին առնչվող դրույթների պատշաճ ներառումը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել դատավորների մասնագիտացման, հանրային պաշտպանների և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կարողությունների զարգացման անհրաժեշտությանը։

Նախարարը և Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը պայմանավորվել են համագործակցությունն առավել զարգացնել՝ ի շահ ոլորտում առկա մի շարք խնդիրների լուծման և փախստականների ու ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության:

Այս համատեքստում կարևորվել են նախանշված համագործակցության ուղղությունների համակարգման և դրանք առավել նպատակային ու արդյունավետ դարձնելու առաջնահերթությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել համատեղ կլոր սեղան-քննարկում՝ փախստականների և ապաստանի հայցողների հարցերում ներգրավված բոլոր պետական կառավարման մարմինների և ոլորտի մասնագետների մասնակցությամբ:

--00—ԼՄ