ՀՀ-ն ուզում է ստորագրել փաստաթուղթ, որ խաղաղություն կբերի տարածաշրջանին. Խանդանյանը՝ լեհ հյուրերին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

նկար

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 3-ին հանդիպել է Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռադոսլավ Ֆոգիելի գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը և Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը:

Ողջունելով հյուրերին` Սարգիս Խանդանյանը կարևորել է հայ-լեհական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, միջազգային հարթակներում փոխգործակցության խորացումը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ռադոսլավ Ֆոգիելը շնորհավորել է Սարգիս Խանդանյանին հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Լեհ պատգամավորն արժևորել է Լեհաստանի և Հայաստանի միջև խորհրդարանական մակարդակով հարաբերությունների ակտիվացումը և միջպետական համագործակցության զարգացումը: Ռադոսլավ Ֆոգիելն ընդգծել է տնտեսական, մշակութային ոլորտներում փոխգործակցության անհրաժեշտությունը:

Հյուրերը նշել են, որ հետևում են մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին, հասկանում, որ Հայաստանը գտնվում է բարդ իրադրության մեջ:

Հյուրերի խնդրանքով անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակմանն ուղղված աշխատանքներին` Սարգիս Խանդանյանը նշել է, որ Հայաստանը ցանկանում է ստորագրել մի փաստաթուղթ, որն իսկապես խաղաղություն կբերի տարածաշրջանին և կլուծի տարիների ընթացքում կուտակված խնդիրները:

Խոսելով ԼՂ հիմնախնդրից` Սարգիս Խանդանյանն ասել է, որ Ադրբեջանի վարած քաղաքականությունը վկայում է, որ այդ երկիրը ԼՂ-ն պատկերացնում է առանց հայերի, ինչը խոսում է էթնիկ զտման քաղաքականության մասին: Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հայությունն ինքը պետք է որոշիչ դեր ունենա իր իրավունքների ապահովման և անվտանգության պաշտպանության հարցում:

Խոսելով Հայաստան-ԵՄ համագործակցությունից` հանձնաժողովի նախագահը կարևորել է Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունության ապահովմանը:

--00—ԼՄ