Թրամփին կարող է սպառնալ առավելագույնը մինչև 136 տարվա ազատազրկում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

Screenshot 2023-04-05 112028

Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ նախկին նախագահը կանգնել է դատարանի առաջ` քրեական գործի շրջանակներում․ Դոնալդ Թրամփին մեղադրանք են առաջադրել 34 հոդվածներով: Սպիտակ տան նախկին ղեկավարը բոլոր հոդվածներով իրեն անմեղ է համարում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը:

Դատախազներն առաջին անգամ պաշտոնապես հրապարակել են 76-ամյա Դոնալդ Թրամփի դեմ առաջադրված մեղադրանքը: Նախկին նախագահին մեղադրում են բիզնես հաշվետվությունները կեղծելու մեջ:

Ըստ դատախազների՝ Թրամփը դավադրություն է կազմել 2016 թ.-ի նախագահական ընտրություններից առաջ՝ փորձելով թույլ չտալ տեղեկատվության արտահոսք, որը կարող էր վնաս հասցնել իր ընտրարշավին: Ըստ մեղադրանքի՝ Թրամփը գումար է վճարել երկու կանանց, որպեսզի նրանք չբարձրաձայնեն իր հետ ունեցած սեռական կապի մասին: Այդ կանանցից մեկը պոռնոաստղ Սթորմի Դենիելսն է, իսկ մյուսը՝ «Playboy»-ի նախկին մոդել Քերեն ՄաքԴուգալը:

Reuters-ը շեշտում է, որ Նյու Յորքում բիզնես հաշվետվությունները կեղծելը զանցանք է, որը պատժվում է ընդամենը 1 տարվա ազատազրկմամբ, սակայն եթե դա արվում է այլ հանցագործությունը թաքցնելու, օրինակ, այս դեպքում՝ ընտրական օրենսդրությունը խախտելու նպատակով, ապա դա համարվում է հանցանք և ենթադրում է մինչև 4 տարվա ազատազրկում:

Թրամփին մեղադրանք է առաջադրվել նաև 2020 թ.-ին ընտրություններում կրած պարտությունից հետո Ջորջիայում արդյունքները չեղյալ հայտարարելու փորձի, ինչպես նաև պաշտոնաթողությունից հետո գաղտնի փաստաթղթերի հետ ոչ պատշաճ կերպով վարվելու համար:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ