Կարևոր է, որ Հայաստանում յուրաքանչյուր ընտանիքում 3 երեխա ծնվի․ Արմեն Մուրադյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

armen

Հայաստանում 60-ից ավելի բարձր տարիքային խմբի բնակչությունն ավելի շատ է, քան 5 տարեկանները, ինչը մտահոգիչ է, քանի որ 60-ից ավելի բարձր տարիքային խմբին, գլոբալ առումով, պահողներ են պետք՝ ապահովելով նրանց սոցիալական և տնտեսական անվտանգության երաշխիքները:

Այդ մասին «Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավման առողջապահական ասպեկտները» թեմայով համաժողովին նշել էԵրևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Ժողովրդագրական ցուցանիշները հանդիսանում են կարևորագույն անվտանգության երաշխիքը յուրաքանչյուր երկրի ժողովրդի և պետականության համար: Մասնագետները քննարկելու են հիմնական ցուցանիշները, որոնք ազդում են ժողովրդագրական տվյալների վրա, մասնավորապես, ծնելությունն ու մահացությունը, միգրացիոն պրոցեսները, և փորձելու են մասնագիտական կարծիքները ձևավորել վերարտադրողական նոր սարքավորումների ու դրանց մատչելիության վերաբերյալ»,- ասել է Մուրադյանը:

Ռեկտորի խոսքով՝ կարևոր է, որ յուրաքանչյուր ընտանիքում 3 և ավել երեխա ծնվի: Նրա համոզմամբ՝ սա Հայաստանի համար խիստ կարևոր է:

«Վերջին տարիներին նկատվում է, որ ընտանիքում երրորդ երեխայի ծնելիության դեպքերն ավելացել են: Ցուցանիշներն այդ մասին են խոսում, բայց, այնուամենայնիվ, պարզ վերարտադրողականության համար ամեն զույգ 3 երեխա պետք է ունենա»,- ասել է նա:

Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը նշեց, որ ԵՊԲՀ-ն, գիտակցելով խնդրի կարևորությունը, գնահատելով այն մեծ աշխատանքները, որոնք իրականացվում են պետական կառավարման մարմինների կողմից ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղությամբ, համաժողովի կազմակերպման անհրաժեշտություն է տեսել:

«Նպատակ ունենք մեր աջակցությունը ցուցաբերել, քանի որ ցանկացած ծրագիր իր հերթին պահանջում է գիտական հենք, և մեր համալսարանը, ունենալով այդ հարուստ փորձը, պատրաստ է այդ հենքը ներդնել գործի մեջ:

Ուզում ենք, որ խնդրի մասին ևս մեկ անգամ բարձրաձայնվի, որպեսզի ժողովրդագրական իրավիճակի փոփոխությունը, բնակչության ու երեխաների թվի աճը լինի համազգային գաղափարախոսության կարևորագույն բաղադրիչներից մեկը, և յուրաքանչյուրը փորձի գիտակցել, որ սա իրոք անհրաժեշտ է»,- ասել է նա:

Դավիթ Մելիք-Նուբարյանի խոսքով՝ պետք է փաստել, որ առողջապահությունն ավելի համեստ դերակատարում ունի ժողովրդագրական իրավիճակի բարելավման գործում: Առողջապահական համակարգը կարող է ներդրում ունենալ մահացությունը կրճատելով, ծնելիության գործընթացի վրա ազդելով: Եզրափակելով խոսքը՝ Դավիթ Մելիք-Նուբարյանը նշեց՝ ժողովրդագրության վիճակի վատթարացումը էապես ազդում է նաև առողջապահության համակարգի վրա, և դրանից անմասն մնալ ու չխոսել թեմայի շուրջ, հնարավոր չէ:

--00—ՍՊ